Հայաստանի Հանրապետությունը նվիրված ու հավատարիմ է խաղաղության օրակարգին, այսօր Երևանում, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
Միզոյանն ընդգծեց՝ Երևանը գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների հետագա սահմանազատման վրա։
Արտգործնախարարը կրկին ընդգծեց՝ այս հարցերում առանցքային է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են արդեն նորանկախ հանրապետությունների միջև միջազգային, միջպետական սահմանները։
Ավելի վաղ շեշտելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը ցանկանում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում են՝ շեշտելով՝ կարգավորման լավ հնարավորություն կա։
Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը․ -«Այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»: