Երկու իրավապաշտպանի երեկ առավոտյան հաջողվել է տեսակցել Ռուսաստանում ենթադրաբար դասալքության համար մեղադրվող ու Գյումրիի ռուսական ռազմաբազայում պահվող Անատոլի Շչենինինին։
Ռուս տղամարդուն հանդիպած «Հանրային դատավճիռ» կազմակերպության փորձագետ Հասմիկ Նովիկովան «Ազատությանը» պատմեց, որ Շչետինինի հետ զրուցել են բազայի բժշկական զորամասի միջանցքում, ասել է, որ իրեն պատժախցում չեն պահում։
«Ես ձեզ կարող եմ վստահ ասել, որ բռնության տեսանելի հետքեր չեն եղել Շչետինինի վրա, նա վախեցած չէր երևում, ավելի շուտ դյուրագրգիռ վիճակում էր և շատ էր անհանգստացած ու դժգոհ, որ իր գործը սկանդալային հնչեղություն է ստացել», - նշեց Նովիկովան։
Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված Շչետինինը, ըստ Նովիկովայի, ասել է, թե չի ընդունում, որ իրեն առևանգել են ու գիտակցել է, թե ինչ կարող է իր հետ լինել, եթե հայտնվի ռուսական ռազմաբազայում։ Փոխանցել է նաև, որ տուն՝ Ռուսաստան է ուզում վերադառնալ և որ իրեն ասել են, թե իր դեմ հարուցված գործը կասեցվել է։ Նովիկովան կարծում է՝ խաբել են։
«Մենք հիմա պարզապես չենք կարող դա ստուգել։ Եթե հետախուզումը չի հանվել, ուրեմն գործը չի կասեցվել», - ընդգծեց փորձագետը։
Ռուսական կողմը չի կարող Հայաստանի տարածքից հետախուզման մեջ գտնվող իր քաղաքացուն տեղափոխել։ Դրա համար կա հատուկ ընթացակարգ, պետք է նախ դիմի Հայաստանի իրավապահներին։
«Եթե կա հարուցված քրեական գործ, ապա երկկողմ համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը պետք է արտահանձնման դիմում ներկայացնի, այդ դեպքում հայկական կողմը կգործի արտահանձնման ընթացակարգի շրջանակներում։ Եթե այդ ամենը չկա, կա միայն այն, որ նրա նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարված, հետո ի՞նչ։ Հետախուզում հայտարարել եք, ապա արեք հաջորդ քայլը։ Հարցում արեք, որ հայկական կողմը նրան հայտնաբերի ու ձերբակալի։ Նույնիսկ դա չկա, դրա համար 3 ժամ հետո հայ ոստիկանները նրան ազատ են արձակել», - ասաց Նովիկովան:
Հայաստանցի իրավապահների կողմից ռուս զինծառայողի ձերբակալման ու ազատ արձակման փաստը երեկ խորհրդարանում նաև վարչապետ Փաշինյանն էր հաստատել, երբ պատգամավորներից մեկը ռուսական բազայի ոստիկանների գործողություններից էր հարցրել։ Իրավապաշտպան Նովիկովան ասում է՝ Շչետինինի կարգավիճակը իրենց համար պարզ չէ, բազայում նրան ոստիկան է ուղեկցել՝ ինչպես մեկնաբանել են, որ փախուստի չդիմի։
«Այսինքն նրան զրկել են ազատությունից։ Ռուսական ռազմաբազան ձերբակալվածների պահման վայր չէ։ Այսինքն անհասկանալի է այս ամենը։ Իրավիճակը, երբ զինվորական ոստիկանությունը պարզապես պահում է մարդուն առանց որևէ կարգավիճակի բազայի տարածքում, անօրինական է, այդպես չի կարելի գործել», - նշեց նա։
Շչետինինի ձերբակալության մասին օրերս ահազանգել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ու դիմել դատախազություն։ Գերատեսչությունից, սակայն, մինչ այս պահը որևէ մանրամասն չեն հայտնում, թե արդյոք քրեական վարույթ են հարուցել և արդյոք նրան բազայից դուրս բերելու համար ինչ-որ քայլեր են ձեռնարկում կամ արդյոք ռուսական կողմից արտահանձնման դիմում ստացել են։
Շչետինինի ծանոթների հետ զրուցած «Մեդիազոնա»-ի տվյալներով՝ վերջինս ենթադրաբար պայմանագրային զինծառայող է եղել ու փախուստի է դիմել, երբ հրամանատարությունն ասել է, որ շուտով ճակատ են ուղարկելու։ Երիտասարդը Հայաստան կես տարի առաջ է եկել, այստեղ անօրինական է ապրել, սոցիալական վիճակն էլ շատ վատ է եղել, դրա համար էլ հուսահատված որոշել է հայրենիք վերադառնալ։
Ռուսական ռազմաբազան ու դեսպանատունը չեն մեկնաբանել ինչպես Շչետինինի, այնպես էլ անցած տարեվերջին մեկ այլ հետախուզվող զինվորականի՝ Դմիտրի Սետրակովի դեպքը։
Սետրակովը ևս հրաժարվել էր պատերազմել Ուկրաինայի դեմ, ռուսական կողմը Հայաստանում նրան ձերբակալելուց հետո կարողացավ շատ արագ տեղափոխել հայրենիք, ու թեև հայաստանցի իրավապաշտպաններն այն ժամանակ էլ փորձում էին կանխել նրա արտահանձնումը, հայաստանյան իրավապահ մարմինները չմիջամտեցին։