Մատչելիության հղումներ

Հրաձգություն՝ սահմանին. ըստ բնակչի, «հովվի շները հարձակվել են էդ պահին թուրքերի վրա, կրակոցներ են եղել»


Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական հատված, արխիվ
Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական հատված, արխիվ

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի հատվածում այսօր հրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև։ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միջադեպի պատճառ է դարձել մոլորված հայ հովիվը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է և՛ հովիվին, և՛ մոլորված հոտը, Ազգային անվտանգության ծառայությունը շեշտում է, թե հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն, միաժամանակ նշելով, որ անկախ Ադրբեջանի հետ համատեղ քննությունից Հայաստանի Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:

«Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են հովիվը և հոտը հատել սահմանը»,- ասված է ԱԱԾ հաղորդության մեջ։

Ներքին Խնձորեսկի բնակիչներից մեկն, ում տունը գյուղի վերջում է, «Ազատությանը» փոխանցեց, որ մոտավորապես ժամը 5 -ի սահմաններում կրակոցներ են հնչել, դրանք այժմ դադարել են։ Մոլորված հովիվն էլ Տեղ գյուղից է։

«Մեզանից մի քիչ ձախ էին կրակոցները», - ասաց բնակիչը:

«Ներքին Խնձորեսկից ձախ մենք սահման ունենք՝ Կոռնիձոր-Տեղ այդ արանքը, - ասաց նա՝ շարունակելով, - Ասում են՝ ոչխարից են տարել, կեսը»։

Ավելի ուշ նա հայտնեց, որ ոչխարները հետ են բերել:

«Հովիվը շատ շներ ունի, շները հարձակվել են էդ պահին թուրքերի վրա, կրակոցներ են եղել, - ասաց Ներքին Խնձորեսկի բնակիչը՝ շարունակելով, - եթե ուզում ես սարքեն մեր գլխին, կարող ա չէ՞ նաև ասեն՝ վիրավոր ունեն, ի՞նչ ես իմանում, մենք հաստատ իմանո՞ւմ ենք, որ ունեն, ասում են էլի: Ամեն ինչին մենք պիտի պատրաստ լինենք»:

Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արտյոմ Աղաջանյանը՝ «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ինքը Գորիսում է և շատ տեղեկություններ չունի, բայց պնդեց՝ տարածքը որտեղ մոլորվել է հովիվը, հայկական է և ոչ ադրբեջանական։

«Վատն էն ա, որ համարվում ա իրանց տարածքը, մենք մեր տարածում չենք կարա մոլորվենք, բոլորն էլ մերն ա: Ներքին Խձորեսկից էն կողմ էլ ա մերը, ձախ էլ ա մերը, աջ էլ ա մերը, բոլորն էլ մերն ա: Հիմա եկել հասել են էստեղ, բայց սա երկար չի շարունակվի էլի: Մեր էրեխեն, մեր հովիվը, մեր ժողովուրդը չեն կարա մեր տարածքում մոլորվեն», - ասաց Աղաջանյանը:

XS
SM
MD
LG