Մատչելիության հղումներ

Միջադեպ սահմանին. ադրբեջանցի ավագ լեյտենանտ է վիրավորվել


Ադրբեջանի սահմանապահ ծառայության խորհրդանիշ, արխիվ
Ադրբեջանի սահմանապահ ծառայության խորհրդանիշ, արխիվ

Ադրբեջանցի զինվորական է վիրավորվել, ըստ Պետական սահմանային ծառայության, «հայկական կողմի բացած կրակոցի» հետևանքով։

Ըստ Բաքվի հաղորդման՝ այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերը Հայաստանի Ներքին Խնձորեսկ գյուղից (Սյունիքի մարզ) երկու անձի՝ «պետական սահմանի խախտում են նկատել», ովքեր անասուններին տեղափոխելիս են եղել։

Հայկական կողմը մարտական դիրքից իբր «կրակ է բացել ադրբեջանցի սահմանապահի ուղղությամբ», որը «փորձել է կանխել պետական սահմանի խախտումը, ինչի արդյունքում ավագ լեյտենանտ Ռովշան Մամեդովը վիրավորվել է»։

Հայկական կողմը ևս ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես եկավ՝ հաստատելով, որ միջադեպ է գրանցվել, և որ ադրբեջաական կողմն ունի մեկ վիրավոր։

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ Ներքին Խնձորեսկի հատվածում հայ հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

ԱԱԾ սահմանապահ զորքերը պատրաստակամություն են հայտնել համատեղ քննության Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ:

«Անկախ համատեղ քննությունից ՀՀ սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:

Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG