Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվի մոլորվելուց հետո հրաձգություն է տեղի ունեցել


Հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ մանրամասնելով, որ ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս ՀՀ տարածքում է:

Ըստ հաղորդագրության, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի:

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը հայտարարում են՝ պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության:

«Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Բաքուն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերը Հայաստանի Ներքին Խնձորեսկ գյուղից երկու անձի՝ «պետական սահմանի խախտում են նկատել», ովքեր անասուններին տեղափոխելիս են եղել։ Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը նշել էր, թե ադրբեջանցի զինվորական է վիրավորվել, «հայկական կողմի բացած կրակոցի» հետևանքով։

Փետրվարին ևս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց, երբ Ադրբեջանի զինուժը հայկական կողմին մեղադրեց Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց մի սահմանապահին վիրավորելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքել էր՝ տեղեկատվությունը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է և «հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»։ Ինչից հետո Բաքուն հաղորդեց, թե Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG