Ուկրաինայի օդային տարածքն ամբողջությամբ ծածկելու համար Կիևին անհրաժեշտ է 25 Patriot համակարգ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր բոլոր գործընկերները դա լավ գիտեն, նրանք նույնիսկ գիտեն այն կետերը, որտեղ պետք է տեղակայվեն և գործեն համապատասխան համակարգերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին չի կասկածում, որ Ռուսաստանը կշարունակի հարձակումները Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Նրա ներկայացմամբ՝ Ուկրաինան ունի բավականաչափ հակաօդային պաշտպանության պաշարներ՝ այս պահի դրությամբ դիմակայելու համար, բայց արդեն ստիպված է դժվար որոշումներ կայացնել՝ որտեղ օգտագործել դրանք և ինչ պաշտպանել։
«Մենք կարողացանք հակաօդային պաշտպանությամբ պաշտպանել բազմաթիվ էներգետիկ օբյեկտներ: Բայց կան հրթիռներ, որոնց դեմ այդ պաշտպանիչ համակարգերը, ցավոք, չեն աշխատում: Եվ այստեղ միայն Patriot-ը կամ դրա անալոգը կարող են աշխատել», - շեշտել է Զելենսկին հեռուստամարաթոնի ժամանակ:
Ռուս զինվորականները անընդհատ հրթիռակոծում էին Ուկրաինան ամբողջ ձմռանը, սակայն մարտի 22-ի հարձակումն ամենախոշորն էր պատերազմի սկզբից ի վեր, նշել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
Ուկրաինան վերջին շաբաթներին պարբերաբար խոսում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի անհրաժեշտության մասին:
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իր երկիրը կհամաձայնի ԱՄՆ-ի օգնության փաթեթին վարկի տեսքով:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտնել է, որ ապրիլի 9-ին ավարտվող Զատկի տոներից հետո կոնգրեսականները կընդունեն Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը։