Մատչելիության հղումներ

5 տուն, մեկ ավտոտնակ ու մեքենա, 2 գերեզմանաքար. ադրբեջանական կրակոցներից վնասները


Լուսանկարը՝ ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից, Տեղ գյուղի բնակչի տունը, 7-ը ապրիլի, 2024թ.
Լուսանկարը՝ ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից, Տեղ գյուղի բնակչի տունը, 7-ը ապրիլի, 2024թ.

Ապրիլի 6-7-ի ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել է հինգ տուն, մեկ ավտոտնակ, երկու գերեզմանաքար և մեկ ավտոմեքենա, նախաձեռնվել են քրեական վարույթներ։

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ ապրիլի 6-ի կրակոցներից վնասվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մի բնակչի ավտոմեքենան, Մովսես գյուղի 4 բնակիչների առանձնատների առանձին հատվածներ, մեկ այլ բնակչի ավտոտնակի դարպասը։

Մովսեսի գերեզմանատան ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով վնասվել է երկու գերեզմանի գերեզմանաքար և քարե պարիսպ։

Իսկ երեկ՝ ապրիլի 7-ին, Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի բնակիչներից մեկի առանձնատան պատուհանի ապակին է վնասվել կրկին ադրբեջանական կողմի կրակոցից։

Գոռ Աբրահամյանի հաղորդմամբ՝ այս բոլոր դեպքերում կրակոցներից անձինք չեն տուժել պատահականորեն՝ կրակի համապատասխան ուղղություններով մարդ չգտնվելու պատճառով։

Այս դեպքերի առթիվ նախաձեռնվել է 9 քրեական վարույթ (սպանությունը այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, գերեզմանն անարգանքի ենթարկելը՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։

«Դեպքի վայրերի զննությունների արդյունքում հայտնաբերվել են արձակված կրակոցների հետքեր, կրակված փամփուշտներ», - նշել է ՔԿ խոսնակը։

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Ադրբեջանն, իր հերթին, նախորդ օրերին պնդել էր, թե հայկական կողմն է կրակել, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է։

XS
SM
MD
LG