Մատչելիության հղումներ

Տեղի բնակիչը ադրբեջանական կրակոցներից փրկվել է տանը հարսի արած տեղափոխության շնորհիվ


Լուսանկարը՝ ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից

Եվրոպացի դիտորդներն այցելել են ադրբեջանական կրակոցից վնասված Տեղ գյուղի բնակչի տուն

Տեղ գյուղի բնակիչ Մուրադ Ղավալբաբունցի մայրը ապրլիլի 7-ի գիշերը ադրբեջանական կրակոցներից փրկվել է տանը տեղափոխություններ անելու հարսի «խասյաթի շնորհիվ»։

Սկեսրոջ մահճակալը կինը նոր էր տեղափոխել պատուհանի տակից։ Գիշերը, երբ ադրբեջանցները սկսել են կրակել, Մուրադի ընտանիքը քնած է եղել, ավտոմատի պարկուճը կոտրել է տան պատուհանն ու ներս ընկել։ Այս փաստը երեկ հաստատել էր նաև Ներքին գործերի նախարարությունը։

«Հարսը խասյաթ ունի, հա պիտի տեղափոխություն անի՝ մի օր նենց ա տանում, մի օր նենց։ <> {Եթե չաներ}, շուշեքը սաղ թափվելու էր իր վրա։ Առավոտ հելնեմ, տեսնեմ՝ պուլյան մեր լուսամուտների արանքը ընկած է։ {Ավտոմատի} էր պուլյան։ Ոստիկանները եկել են, նկարել են, տարել են փորձաքննության։ Կրակոցները տևել են մի 5-10 րոպե, տարբեր տեղերից էին՝ մեկ գյուղի տակից էր գալիս, մեկ՝ վերևից, իրենք բարձր դիրքերում են։ Բարձր որ կրակել են, կպել է, մտել շենքի մեջ», - ասաց նա՝ հայտնելով նաև, որ եվրոպացի դիտորդներն այսօր այցելել են իր տուն, - «Եկել են, նկարել են այսօր առավոտյան»։

Վերջին օրերին հնչող կրակոցները, ըստ Քոչարյանի, «հիստերիկ դրսևորումներ» են

«Ապակիները կվերանորգենք և ամեն ինչ կանենք, որպեսզի նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն, հիմա կրակոցները անկանոն, անիմաստ և աննպատակ են», - ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն ընդամենը «հիստերիա» է որակում ադրբեջանական զինուժի վերջին օրերին պարբերական դարձած կրակոցները, որոնց հետևանքով վնասվել են նաև տարբեր համայնքների բնակիչների տներ։

Ադրբեջանական զինուժն անցած երկու օրերին թիրախավորել է Սյունիքի մարզի Արավուսի, Խոզնավարի, Տեղի, Գեղարքունքի մարզի Սոթքի, Կութի, Վերին Շորժայի, նաև Տավուշի մարզի Չինարիի ու Մովսեսի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը տեղեկացրին, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կրակոցներից վնասվել է 5 առանձնատուն, մեկ ավտոտնակ, 2 գերեզմանաքար և 1 ավտոմեքենա։ Կոմիտեի փոխանցմամբ՝ կրակոցներից քաղաքացիներ չեն տուժել պատահականորեն, քանի որ կրակի ուղղություններով այդ պահին մարդ չի եղել։ Այս դեպքերով հարուցվել է 9 քրեական վարույթ։

«Հիստերիկ դրսևորում է, երևի կարող է այնտեղ՝ մյուս կողմում կանգնածները այդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Ոչ մի բանի հետ կապ չունի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով, - «Հիստերիա բառը կարող է շատ կոպիտ եմ ասել, գործողություններ են, որ որևէ իմաստ չեն արձանագրում։ Ոչ մի հարց չի լուծում, ընդամենը կրակոցներ են։ Պետք է արգելել նույն դիտորդների գործողությունների շնորհիվ, որ այդ կրակոցներն էլ չլինեն, որովհետև եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»։

«Ազատության» հարցին՝ արդյոք տեսնո՞ւմ է, որ Բաքուն փորձում է տանել էսկալացիայի, որպեսզի ռազմական գործողություններ սկսի, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ոչ, դեռ չեմ տեսնում։ Այ երբ որ կտեսնենք, կարծում եմ, որ այս հարցերն էլ չեն առաջանա, մենք կանցնենք լիարժեք պաշտպանության»։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը կարևորում է դիտորդների արձանագրումները

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը կարևորում է սահմանին եվրոպական դիտորդների արձանագրումները։ Քոչարյանի խոսքով՝ դրանք մնայուն փաստեր են և մի օր անհրաժեշության դեպքում կարող են օգտագործվել բանակցային սեղանի շուրջ. - «Ժամանակին, երբ ՄԱԿ-ի բանաձևերը ընդունվում էին, մենք ասում էինք՝ ՄԱԿ-ի բանաձև է, հետո՞, բայց 44 -օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ մեզ աջակիցներ չկան, որովհետև գոյություն ունեն այդ բանաձևերը, հիմա երբ մենք ասում ենք՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները պետք է լինեն անխոչընդոտ, դա նշանակում է, որ այդ արձանագրումները իրենք անելու են իրենց գործը, և ամեն մի արձանագրումն ունի իր արժեքը, որովհետև դա արդեն ձևակերպված փաստեր են, որոնք հաստատվում են հավաքական փաստարկման միջավայրում»։

Թեև, ըստ Տեղի բնակիչ Մուրադ Ղավալբաբունցի, եվրոպացի դիտորդներն այսօր առավոտյան այցելել են իր տուն և արձանագրել ադրբեջանական կրակոցներից կոտրված ապակիները, սակայն առաքելությունը մինչ այս պահը որևէ տեղեկություն չի հրապարակել ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով տուժած բնակելի տների մասին։

Սյունիքի մարզի Տեղ գյուղից բացի, ադրբեջանական զինուժը շաբաթ օրը վնասներ էր հասցրել Տավուշի մարզի Մովսես գյուղի տներին, իսկ Ներքին Կարմիրաղբյուրում թիրախավորել էր քաղաքացիական մեքենա։ Ադրբեջանն, իր հերթին, պնդել էր, թե հայկական կողմն է կրակել, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է։

XS
SM
MD
LG