Մատչելիության հղումներ

«Հույս ունենք, որ մոտ ապագայում ԵՄ-ն որոշում կկայացնի Եվրոպական խաղաղության գործիքին ՀՀ հասանելիության շուրջ»․ Խանդանյան


Թեև Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Եվրամիությունը Հայաստանին հասանելիություն տրամադրի Եվրոպական խաղաղության գործիքին, սակայն ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման օրակարգում ռազմական համագործակցության կամ անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր ներառված չէին, «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ըստ Խանդանյանի՝ Հայաստանն այդ քննարկումները, բանակցությունները շարունակում է երկու կողմերի հետ՝ «սրանք երկկողմ օրակարգի հարցեր են»։

«Հայաստանի համար շատ կարևոր է որպեսզի Եվրամիությունը Հայաստանին հասանելիություն տրամադրվի Եվրոպական խաղաղության գործիքին, որը հնարվորություն կտա ոչ մահաբեր զենք նաև աջակցություն պաշտպանության համակարգին տարբեր կերպ, տարբեր մեթոդներով, բայց բրյուսելյան հանդիպման թեման ռազմական չէր, տնտեսական էր, և այդպիսի ակնկալիք հայկական կողմը չուներ։ Բայց չի նշանակում, որ այս հարցը դուրս է գալիս օրակարգից, ընդհակառակը դրա շուրջ քննարկումները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Եվրամիությունը կկայացնի այդ որոշումը», - ասաց իշխանական պատգամավորը։

Եվրոպական խաղաղության մեխանիզմը գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում Միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

Անցած տարեվերջին, երբ ԵՄ արտգործնախարարները հավանություն էին տալիս Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել էր, թե կքննարկեն նաև այս գործիքի միջոցով Հայաստանին օգնելու, ինչպես նաև վիզայի ազատականացման հնարավորությունները։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ Բրյուսելում Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը հայտարարվի նաև Եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին տրվող օգնության մասին։ Բաքուն էլ խիստ մտահոգվել էր՝ նշելով, թե Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերն ու տեղեկությունները, թե եռակողմ հանդիպումը նաև ռազմական բաղադրիչ կպարունակի, խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը:

Խանդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG