Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա կարգով նոր մեղադրանք է առաջադրել Россия Сегодня («Ռուսաստանն այսօր») հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այդ մասին հայտնում է գերատեսչության հեռագրային ալիքը։
Սիմոնյանը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ցեղասպանության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ռազմական գործողությունների քարոզչության, ինչպես նաև Ուկրաինայում «ագրեսիա» որակվող Ռուսաստանի ռազմական գործողությունների արդարացման և «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցների հերոսացման համար:
2022 թվականի մարտին Իրինա Վենեդիկտովան, որն այն ժամանակ զբաղեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը, հայտնել է, որ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «իշխանությունը բռնությամբ զավթելու», «իշխանությունը բռնությամբ զավթելու և սահմաններն ուժով փոխելու նպատակով կատարված գործողությունները ֆինանսավորելու» հոդվածներով: