Աղմկահարույց պաշտոնանկություններով ուղեկցված դպրոցների ստուգայցերից ավելի քան 2 ամիս անց իրավապահները քրեական գործեր չեն հարուցել։
Պարզվում է՝ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) դեռ չի էլ ավարտել դպրոցների կառուցման համար ծախսված պետական միջոցների արդյունավետության ուսումնասիրությունը։ Թե ինչո՞ւ այսքան երկար, գերատեսչությունից հրաժարվում են պարզաբանել:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեռ տարեսկզբին էր հայտնել՝ իրավապահներն ուսումնասիրում են՝ արդյո՞ք պետության հետ ավելի քան մեկ միլիարդ դրամի պայմանագրեր կնքած ընկերությունները չեն խախտել պայմանագրերով սահմանված պարտավորությունները։
Լոռիի ու Արմավիրի մարզերի նորակառույց դպրոցներ հունվարին այցերի ընթացքում վարչապետը կոշտ դիտողություններ էր արել շինաշխատանքների վերաբերյալ ու հրապարակավ դժգոհել գույքի որակից։
Փաշինյանի այցերից ժամեր անց պաշտոնանկ արվեցին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու և Արմավիրի մարզպետները։
Իսկ արդյոք ավելի քան 2 ամիս անց վարչապետի այցելած դպրոցներում շտկվել են շինարարության ու գույքի հետ կապված թերությունները։ Կրթության նախարարությունից այս հարցին պատասխանելու համար հորդորում են գրավոր հարցում ուղարկել։ Իսկ Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, թե Արմավիրի և Լոռու մարզերի դպրոցներում ի հայտ եկած թերությունների հիմնական մասն արդեն շտկվել է, շուտով ավարտական ակտեր կկազմեն։
Քաղաքաշինության կոմիտեն, ի դեպ, ավելի քան երկու ամիս անց արդեն նոր ղեկավար ունի։ Եղիազար Վարդանյանին այսօր կառավարության նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին իմ նկատմամբ ցուցաբերած մեծ վստահության համար և համոզմունք հայտնել, որ համագործակցելով կառավարության գործընկերների, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ, կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց ու կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են կառավարության ծրագրում», - ասաց Վարդանյանը:
Մինչ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվելը Վարդանյանը 2020-ի դեկտեմբերից զբաղեցնում էր Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Կառավարության այսօրվա նիստում ոչ քաղաքաշինության խնդրիներին, ոչ էլ թերություններով կառուցված դպրոցներին չանդրադարձան։