Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ահազանգում է՝ եթե վարչապետ Փաշինյանը հանձնի այն տարածքները, որոնց մասին խոսում է, ապա Ադրբեջանը շուրջ 15 կիլոմետր խորանալու է այդ տարածքում։
«Պաշտպանության առումով այնտեղ խորը կոր է ստեղծում, եթե Հայաստանի Հանրապետության քարտեզին նայենք, կտեսնենք, որ մեր սահմանները կտրտվածություններ ունեն, անկլավի հետ միասին, այդ հատվածում գրեթե մոտ 15 կմ խորություն է ստեղծում և կտրուկ մոտենում է Լոռու մարզի սահմաններին», - նշեց նա։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծում է՝ այդ տարածքների հանձնումը ռազմավարական լուրջ խնդիրների է հանգեցնելու, քանի որ ադրբեջանական զինուժը կանգնելու է այն ճանապարհին, որը միացնում է Հայաստանը՝ Վրաստանին։
«Ելք դեպի Վրաստան, Ռուսաստան, և ներքև՝ ելք դեպի Իրան. այսինքն, նաև խոչընդոտներ են առաջանալու Իրանից Հայաստան, Վրաստան, Ռուսաստան ճանապարհին», - ասաց պաշտպանության նախկին նախարարը:
«Ազատություն». - Եթե այդ տարածքները հանձնվում են, ապա կորցնում ենք ռազմավարական նշանակության բարձունքնե՞ր:
Օհանյան. - Իհարկե կորցնում ենք ռազմավարական նշանակության տարբեր կետեր, կլինի բարձունք, ճանապարհ, որը ապահվում է մեր երկրի կենսագործունեությունը՝ մանավանդ այդ ուղղությամբ նախատեսված բոլոր հաղորդակցությունները, ճանապարհները:
«Ազատություն». - Այսինքն, հնարավորություն չի լինի՞ Հայաստան - Վրաստան ճանապարհի վերահսկողություն իրականացնել այլ կետերից:
Օհանյան. - Ցանկացած դեպքում հնարավորություն կարելի է գտնել, բայց այդ կետը, որի մասին խոսվում է, բավականին դժվար է լինելու շրջանցող ճանապարհ կառուցելը, որովհետև այդ կետի հետևում անկլավներն են, անկլավների մեջով էլ չեն թողնելու ճանապարհ կառուցվի, դա նշանակում է, որ բավականին լուրջ խնդիր է առաջանալու հենց այդ հատվածում ճանապարհային հաղորդակցության:
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Տավուշի մարզի սահմանային հատվածն այսօր Հայաստանի ամենապաշտպանված կետերից մեկն է և տարածքների հանձնումից հետո, պաշտպանական ենթակառուցվածքների տեղափոխումն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։
«Եվ եթե պաշտպանության տեղափոխություն է իրականացվում, ապա նոր հատվածում պետք է ինժեներական սարքավորումներ, կառույցներ կառուցվեն, ամրապնդեն այնտեղ պաշտպանությունը: Եվ յուրաքանչյուր նոր պաշտպանություն նաև այնքան է խոցելի, որ կարող են այդ ուղղությամբ նաև հարձակումներ իրականացնել, որովհետև այդ ուղղությունը նաև վերաբերում է անկլավներին», - ընդգծեց Սեյրան Օհանյանը:
«Այլընտրանքը համաձայնեցված քարտեզների վրա գործընթացի իրականացումն է»
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբհրամյանը շեշտում է՝ իշխանությունը շատ հեշտ է խոսում ճանապարհների կամ մարտական դիրքերի տեղափոխման մասին, մինչդեռ դրանցից յուրաքանչյուրը կառուցման ընթացքում ունեցել է իր նշանակությունը։
Վարչապետն ասուլիսում խոսել էր ենթակառուցվածքների, իսկ տարածքային կառավարման նախարարը՝ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստան մտնող գազատարի տեղափոխման հնարավորության մասին։
«Երբ տարբեր ուղղությամբ առաջնագիծ է ձևավորվել, բնականաբար, հաշվի են առել տարածքի առանձնահատկությունը, տարբեր բարձունքները, հակառակորդի հավանական հարձակման դեպքում քո պաշտպանվելու հնարավորությունները: Այսինքն, երբ որ խոսվում է մեխանիկական առումով դիքերի կամ դրա տարբեր հատվածների, բաղադրիչների տեղափոխման մասին, դա դեռ չի նշանակում, որ նույն խնդիրները նույն արդյունավետությամբ հնարավոր է լինելու լուծել», - նշեց Աբրահամյանը:
Տիգրան Աբրահմյանն ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա։ Ըստ նրա, Տավուշի մարզում ոչ անկլավային 4 գյուղերն ու հետագայում անկլավային ևս 4 գյուղ Ադրբեջանին հանձնելուց հետո լուրջ խնդիրներ են առաջանալու այդ հատվածում գտնվող համայնքների համար։ Այդ գյուղերը հայտնվելու են կիսամեկուսացման կամ կիսաշրջափակման պայմաններում։ Իսկ անվտանգային խնդիրները հետագայում հանգեցնելու են արտագաղթի։
«Եթե ուսումնասիրեք տարբեր ուղղություններ, որոնք իշխանությունը հանձնել է կամ նրանց թողտվության պայմաններում ադրբեջանցիները ներխուժել ու դիրքավորվել են, ապա կտեսնեք, որ վերջին 4-5 տարվա ընթացքում հատկապես արտագաղթի տեսանկյունից բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել այդ հատվածներում. ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզի», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Վարչապետ Փաշինյանն ասում է՝ այդ 4 գյուղերը երբեք Հայաստանինը չեն եղել և որպեսզի պատերազմ չլինի, դրանք պետք է փոխանցել Ադրբեջանին։
Ո՞րն է այդ դեպքում Փաշինյանի այս լուծմանը չհամաձայնող ընդդիմության առաջարկը։ Տիգրան Աբրահամյանն ասում է՝ այլընտրանքը փոխադարձ զիջումների հիման վրա համաձայնություններն են։
«Այլընտրանքը համաձայնեցված քարտեզների վրա գործընթացի իրականացումն է։ Հայաստանը խոսում է մի քարտեզի մասին, որին համաձայնություն չի տալիս Ադրբեջանն, ու այս պայմանում Հայաստանը համաձայնությունից առաջ գնում է զիջումների», - ասաց նա:
Ստեղծված իրավիճակում, ըստ Սեյրան Օհանյանի, ելքը Փաշինյանի հեռացումն է, քանի որ, ինչպես պնդեց, նա այլևս լեգիտիմ չէ, խոստացել է խաղաղություն, բայց բերել է պատերազմ, խոստացել է երաշխավորել Արցախի անվտանգությունը, բայց իր աչքի առաջ Արցախը հայաթափվեց։
Իշխանական պատգամավորներն, ի դեպ, այսօր սակավախոս էին, նրանց մեծ մասը չէր ցանկանում մեկնաբանել չորս գյուղերի հետ կապված զարգացումները։