Մատչելիության հղումներ

Ալիև․«2018-ին Հայաստանի նոր կառավարությունից որոշակի հավաստիացումներ էինք ստացել»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվի 11-րդ Գլոբալ համաժողովի բացման ժամանակ պնդում էր, թե Երևանն ու Բաքուն կարող էին խուսափել 44-օրյա պատերազմից։

«2018-ին, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն եղավ, համաձայնության հասնելու հնարավորություն կար։ Մենք այն ժամանակ Հայաստանի նոր կառավարության կողմից վստահեցումներ ստացանք, որ նրանք կգործեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն», - հայտարարում էր Ալիևը՝ դիմելով Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Նիզամի Գյանջևիի անվան հիմնադրամի խորհրդի անդամներին։

Ադրբեջանի նախագահն առաջին անգամ նման հայտարարություն արեց, հայկական կողմն էլ այդ ժամանակ միակողմանի զիջումների մասին հրապարակավ չէր խոսել:

«Մենք նման սպասելիքներ ունեինք, և եթե այդ ժամանակ Հայաստանի նոր կառավարությունը գերադասեր գործել այնպես, ինչպես այժմ է գործում, ապա մեր ինքնիշխանությունն ուժով վերականգնելու կարիք չէր լինի», - ասաց Իլհամ Ալիևը՝ շարունակելով, թե համաձայնության հասնելու հնարավորությունները, սակայն, վերացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ի օգոստոսին հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի կարգախոսից հետո։

«Այդ կարգախոսը նախ միջազգային իրավունքի նորմերի բացարձակ խախտում էր, բացի այդ՝ չափից ավելի մեծ հավակնոտ էր մի երկրի համար, որին թվում էր, թե ի վիճակի է հավերժ վերահսկել մեր տարածքները։ Այդ իսկ պատճառով մենք 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ստիպված էինք նրանց դաս տալ», - հայտարարում էր Ալիևը։

Հերթական կոշտ քննադատությունը՝ Ֆրանսիային

Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ կոշտ քննադատության ենթարկեց Ֆրանսիայի իշխանություններին՝ արդեն որերորդ անգամ պնդելով, թե պաշտոնական Փարիզը կողմնապահ դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի հանդեպ։

«Ֆրանսիայի դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է միջազգային հանրության որդեգրած մոտեցումներին։ Ֆրանսիական կառավարության արձագանքը Ղարաբաղյան երկրորդ պատերազմին և հակաահաբեկչական գործողությանը բացարձակապես համարժեք չէր։ Ֆրանսիան փորձում է պատժել մեզ մեր իսկ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», - պնդում էր Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում հրավիրված համաժողովի մասնակիցներին փորձելով համոզել, թե հակաադրբեջանական տրամադրությունները Ֆրանսիայում արդեն կենցաղային բնույթ են սկսել կրել։

«Ֆրանսիայում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել։ Էվիան քաղաքում պղծվել է ադրբեջանցի բանաստեղծուհի Նաթավանի հուշարձանը, վրան կարմիր ներկ են լցրել, կոտրել են քիթը։ Սա տեղի է ունեցել Ֆրանսիայում այն պատճառով, որ նրանք այդպես էլ չեն կարողացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում պատժամիջոցների սահմանել Ադրբեջանի դեմ», - ասում էր Ալիևը։

«Որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար»

Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթում Ռուսաստանին ուղղված քննադատությունն շատ ավելի քողարկված բնույթ էր կրում։ Նա պնդում էր, թե 2023-ի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակումից հետո, ադրբեջանցի զինվորականների տրամադրության տակ մոտ մեկ միլիարդ դոլարի ռազմավար է հայտնվել։

«Հարց է ծագում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Պարզ է իհարկե, որ մեր դեմ օգտագործվող սպառազինությունը նրանց անվճար էր տրամադրվում», - հայտարարում էր Ալիևը՝ գերադասելով, սակայն, չնշել, որ հայկական կողմի զինանոցի գերակշիռ մասը ռուսական ծագում ուներ։

Սունակը հուսով է՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև նոյեմբեր

Բաքվի համաժողովի մյուս ուշագրավ դրվագը դրա մասնակիցներին Մեծ Բրիտանիայի վարչապետի Ռիշի Սունակի կողմից հղված ուղերձն էր, որում բրիտանական կառավարության ղեկավարը պնդում էր. - «Ադրբեջանն այժմ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունի։ Հուսով ենք, որ երկու երկրներն այդ պայմանագիրը կկնքեն մինչև Բաքվում կլիմայական փոփոխություններին նվիրված COP 29 համաժողովի մեկնարկը»։

COP 29 համաժողովը, որի կազմակերպման իրավունքը պաշտոնական Երևանն, ըստ էության, Բաքվին էր զիջել նախորդ տարեվերջին, նախատեսված է անցկացնել այս տարվա նոյեմբերին։

Հավելենք նաև, որ Բաքվի Գլոբալ համաժողովին մասնակցում են բազմաթիվ պաշտոնաթող պետական գործիչներ՝ Լատվիայի երկու նախկին նախագահներից մինչև Վրաստանի նախկին ղեկավար Գիորգի Մարգվելաշվիլին։

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, Արարատը պետք է վերացվի Հայաստանի զինանշանից». Յըլդըրըմ

Մասնակիցների թվում էր նաև Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքալեզու պետությունների Ավագների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը, որն ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում այսօր ընդամենը մի քանի նախադասությամբ կարողացավ ձևակերպել Անկարայի և Բաքվի կողմից Հայաստանին ներկայացվող բոլոր առանցքային պահանջները։

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Հայաստանին նման հնարավորություն է ընձեռվել ղարաբաղյան խնդրի լուծումից հետո։ Հարկավոր է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաև փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի», - հայտարարում էր Յըլդըրըմը՝ Արարատի պարագայում օգտագործելով դրա թուրքական տեղանունը։

XS
SM
MD
LG