2023 թվականի սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել և որպես ավար գրավվել է հայկական կողմին պատկանող ռազմական զինամթերք և ծանր զրահատեխնիկա՝ մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ։ Իսկ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ընթացքում ոչնչացվել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք և զինամթերք: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա ելույթ է ունեցել «Վերականգնել ճեղքված աշխարհը» նշանաբանով 11-րդ գլոբալ համաժողովում:
«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Ակնհայտ է, որ ադ բոլոր զինատեսակները, որոնք հայկական կողմը կիրառել է մեր դեմ՝ անվճար է տրամադրվել»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Նա անդրադարձել է նաև «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտնի կարգախոսին, ասելով, որ այն «ոչ միայն միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր, այլև չափից շատ հավակնոտ էր նման երկրի համար»:
«Ուստի 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին մենք ստիպված էինք դաս տալ նրանց {Հայաստանին}»,- հայտարարել է Ալիևը: