Մատչելիության հղումներ

«Համաս»-ը չի խոսում մահմեդական աշխարհի անունից. Իսրայել Կաց


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «հնարավորինս մեծ ճնշում գործադրել» «Համաս» պաղեստինյան կազմավորման վրա և այդպես ապահովել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին մեկնարկած՝ հակամարտության ընթացքում պատանդառվածների ազատումը:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում, Եվրամիությունում, Կանադայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Պարագվայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում ահաբեկչական կառույց է ճանաչված: Իսրայել Կացը նշել է, որ հարկ է խաղաղ մահմեդականներին զատել ահաբեկիչներից:

«Այսօր մեկնարկում է Ռամադանը՝ մահմեդականների սուրբ ամիսը, թույլ տվեք օգտվել առիթից և շնորհավորել մեր մահմեդական եղբայրներին՝ շնորհառատ Ռամադան, Ռամադան Քարիմ», - ասել է նախարարը և ավելացրել, որ «Համաս»-ը չի խոսում մահմեդական աշխարհի անունից:

Նա պահանջել է նիստի մասնակիցներից միանշանակ դատապարտել զինյալների վայրագությունները, ներառյալ՝ իսլամի անունից կատարված սեռական բնույթի դաժան բարբարոսությունները:

«Պահանջում եմ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդից պատանդներին անհապաղ և առանց նախապայմանների ազատելու համար հնարավորինս մեծ ճնշում բանեցնել «Համաս»-ի վրա», - հայտարարել է Կացը:

ԱԽ նիստում ընթերցվել է ՄԱԿ-ի փորձագետների կազմած զեկույցը, որի համաձայն՝ «կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի գրոհը հրեական տարբեր բնակավայրերում ուղեկցվել է սեռական բռնությամբ, ներառյալ՝ բռնաբարությունը և խմբակային բռնաբարությունը»:

Իսրայելի արտգործնախարարը պնդել է, թե «Համաս»-ը կատարել է ավելի ծանր հանցագործություններ, քան «Ալ-Ղաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորումները:

Անվտանգության խորհուրդը նոյեմբերին և դեկտեմբերին ընդունված բանաձևերում կոչ է արել ազատել բոլոր պատանդներին: Այն ներկայումս քննարկում է Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձևը, որը ներառում է հոկտեմբերի 7-ի հարձակումը, պատանդառումը, քաղաքացիական անձանց սպանությունները և սեռական բնույթի հանցանքները, այդ թվում՝ բռնաբարությունները, դատապարտող դրույթ:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտւական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նիստի մասնակիցներին կոչ է արել դատապարտել «Համաս»-ի վայրագությունները:

«Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածի վերաբերյալ կասկած չկա. ապացույցները դատապարտելի են և սարսափելի: Հիմա հարցն այն է, թե ինչպես ենք արձագանքելու։ Արդյո՞ք այս խորհուրդը վերջապես կդատապարտի «Համաս»-ի զինյալների կողմից սեռական բռնությունը, թե՞ կշարունակենք լռել: Կոչ եմ անում միանշանակ դատապարտել ահաբեկիչների գործողությունները», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև Իսրայելի կողմից կատարված անընդունելի գործողությունների մասին:

«Ըստ զեկույցի, պաղեստինցի տղամարդկանց և կանանց կալանավորումն ուղեկցվել է դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքով, ներառյալ՝ սեռական բռնության տարբեր ձևերի դեպքերը: Հակամարտության բոլոր կողմերը պետք է պահպանեն միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները: Բայց Իսրայելից՝ որպես ժողովրդավարական երկրից, մենք ակնկալում ենք, որ այնտեղ պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կատարել են այդ գործողությունները: Հորդորում ենք Խորհրդին խուսափել կեղծ համարժեքությունից: Այս երկու բաները նույնը չեն», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը։

ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրն, իր հերթին, Անվտանգության խորհրդում Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների բռնի տեղահանման և Գազան անբնակելի դարձնելու մեջ:

«Նախարար Կացն Իսրայելի հարձակման սկզբում ասել է, որ հոսանք չի լինի, ջուր չի լինի, վառելիք չի լինի, քանի դեռ առևանգվածներին տուն չեն վերադարձնել: Դա վայրագության կոչ էր, Իսրայելի նպատակը նույնն է մնում՝ մեր ժողովրդի բռնի տեղահանումը Գազան անբնակելի դարձնելու միջոցով»», - ասել է Մանսուրը:

Ըստ իսրայելական տվյալների՝ հոկտեմբերի 7-ին գրոհների հետևանքով սպանվել է 1200 մարդ, պատանդառվել է ավելի քան 250 մարդ: Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, հայտնում են Գազայի առողջապահական մարմինները: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխանը և Իսրայելին մեղադրում են պաղեստինցիների ցեղասպանության համար:

XS
SM
MD
LG