Մատչելիության հղումներ

Ռամադանը մեկնարկում է Գազայում պատերազմի պայմաններում


Ռմբակոծումը չի դադարում, Գազայի հատված, 11 մարտի, 2024թ.
Ռմբակոծումը չի դադարում, Գազայի հատված, 11 մարտի, 2024թ.

«Ոչ մի «Օսկար» ցեղասպանության ժամանակ»

«Մինչ դուք նայում եք, ռումբերն ընկնում են», «Ոչ մի Օսկար ցեղասպանության ժամանակ», այսպիսի կարգախոսներով է անցել Հոլիվուդի «Դոլբի» կինոսրահում Օսկարի 96-րդ մրցանակաբաշխությանը զուգահեռ տեղի ունեցած բողոքի ցույցը:

Գազայում պաղեստինցիների ողբերգության արձագանքը հասել է Լոս Անջելես, որտեղ հարյուրավոր ամերիկացիներ, այդ թվում՝ հրեական և արաբական ծագում ունեցողներ, դատապարտել են Իսրայելի կառավարության գործողությունները:

«Այստեղ եմ, որ ձայնս հասցնեմ կինոաշխատողներին, արաբ-ամերիկյան համայնքին, յուրաքանչյուրին, ով դեմ է ցեղասպանությանը: Դատապարտում եմ Հորդանան գետի արևմտյան ափում, Գազայում, Լիբանանում Ամերիկայի աջակցությամբ Իսրայելի կատարած ռազմական հանցագործությունները»,- ասել է ցուցարարներից մեկը:

Ռամադանից առաջ չհաջողվեց հրադադար հաստատել

Այսօր սկսվել է Ռամադանը՝ մահմեդականների սուրբ ամիսը: Մուհամմադ մարգարեի գրեթե երկու միլիարդ հետևորդներն աշխարհում հուսով էին, որ միջնորդների օգնությամբ կհաջողվի հրադադար հաստատել Գազայի հատվածում:

Արաբական և մահմեդական երկրներում պետական գործիչները նկատել են տվել, որ Իսրայելը կհատի կարմիր գիծը, եթե վճռի շարունակել ռազմական գրոհները Ռամադանի օրերին, քանի որ դա կարող է հանգեցնել պատերազմում հարևան երկրների ներգրավմանը:

Ընդհանուր հաշվով երկու կողմից սպանվել է առնվազն 32.200 մարդ

Այսօրվա դրությամբ Գազայի հատվածում սպանվել է մոտ 31 հազար մարդ, ավելի քան 72 հազարը վիրավորվել են, Գազայի հատվածում Գազա ավանը և այլ բնակավայրեր գործնականում վերածվել են ավերակների:

Հակամարտությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, այն բանից հետո, երբ «Համաս»-ի զինյալները Գազայից անսպասելի հարձակում են կատարել հրեական խաղաղ բնակավայրերի վրա: Դրա հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, կան հարյուրավոր պատանդներ: Գազայի հատվածում իշխող «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է համարվում:

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ պետք է ամբողջությամբ ոչնչացնի «Համաս»-ը: Գազայի հատվածի 2 միլիոն 300 հազար բնակիչների մեծ մասը տեղահանվել է: Ենթակառուցվածքները գրեթե չեն գործում, հիվանդանոցների մեծ մասը չի աշխատում:

Մինչդեռ, աշխարհում, այդ թվում` արևմտյան երկրներում մեծ թվով պետական և հանրային գործիչներ անընդունելի և անհամաչափ են որակում Իսրայելի բանակի պատասխան գործողությունները:

Մահմեդական և արաբական երկրների պնդմամբ` Իսրայելը պաղեստինցիների «ցեղասպանություն է իրագործում»: Հարավաֆրիկյան Հանրապետությունն այդ մեղադրանքով ներկայացրել է հայց, որը հիմա քննվում է Հաագայում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում:

«Ռամադանը՝ հույսի փարոս»

Ռամադանը մահմեդական օրացույցով 9-րդ ամիսն է, հաշվարկվում է կիսալուսնի երևալուց: Հավատացյալները պետք է աղոթեն, խորհեն, սովորականից առավել զուսպ և բարեկիրթ լինեն, դա նաև պահքի ամիս է, հավատացյալը կարող է համեստ չափով սնունդ ընդունել մայրամուտից հետո:

Ռամադանի կապակցությամբ հավատացյալներին է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Եվ ես ցանկանում եմ համերաշխության և աջակցության հատուկ ուղերձ հայտնել բոլոր նրանց, ովքեր տառապում են Գազայում: Այս դժվար ժամանակներում Ռամադանի ոգին հույսի փարոս է, թող այս սուրբ ամիսը բերի խաղաղություն և առաջնորդի մեզ դեպի ավելի արդար ու կարեկցող աշխարհ»,- ասել է Գուտերեշն՝ ուղերձն ավարտելով մահմեդական շնորհավորանքով. «Kareem Ramadan. Շնորհառատ Ռամադան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG