Մատչելիության հղումներ

Բայդենը հուսով է, որ Գազայում Ռամադանի ամսվա ընթացքում հրադադար կհաստատվի


Պաղեստինցի երեխաները, Գազայի հատված, 26 փետրվարի, 2024թ.
Պաղեստինցի երեխաները, Գազայի հատված, 26 փետրվարի, 2024թ.

Մահեր Գազայում և Հորդանանի արևմտյան ափի բնակավայրերում

Ամեն օր սուգ, ողբ, թաղումներ: Նախօրեին երեք պաղեստինցիներ են սպանվել Իսրայելի կողմից գրավված Հորդանանի արևմտյան ափի բնակավայրում: Այսօր նրանց հուղարկավորել են: Այս նոր պատերազմի ընթացքում Հորդանանի արևմտյան ափի շրջանում սպանվել է առնվազն 400 պաղեստինցի:

Հակամարտության նոր փուլը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ իսրայելյան բնակավայրերի վրա «Համաս»-ի կատարած անսպասելի հանդուգն գրոհներով: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել: «Համաս»-ի զինյալները սպանել են մոտ 1200 և պատանդառել են 253 իսրայելցիների՝ ըստ պաշտոնական տվյալների:

Հորդանանի սրևմտյան ափի պաղեստինցիներն իսրայելցի զինվորների հետ բախումների մեջ են ներքաշվել՝ իրենց համերաշխությունը հայտնելով Գազայի հատվածում զօրուգիշեր օդային հարվածների ենթարկվող պաղետսինցիներին:

Պաղեստինցիների զոհերի թիվը մոտեցել է 30 հազարին

Ամենաթեժ իրավիճակն, իհարկե, Գազայի հատվածում է, հատկապես հարավում, որտեղ գրեթե ամբողջությամբ ավերակների վերածված Գազայի հատվածից փախուստի են դիմել ու Ռաֆահ ավանում ապաստանել են հարյուր հազարավոր պաղեստինցիներ: Ռաֆահը հիմա Իսրայելի բանակի հիմնական թիրախներից մեկն է:

«Սա անվտանգությո՞ւն է, ի՞նչ անվտանգություն, տանիքը փլվեց մեր գլխներին, երբ վտանգը երկնքից է գալիս՝ էլ ի՞նչ անվտանգություն»,- ասել է Խալեդ ալ-Զաթման:

Հաշմանդամի սայլակին գամված այդ մարդն իր ընտանիքի անդամների հետ մի կերպ տեղավորվել էր Ռաֆահի տներից մեկում, որն այսօր ենթարկվել է օդային հարվածի և քանդվել: Առնվազն 8 բնակիչ սպանվել է:

Խալեդ ալ-Զաթմանի ընտանիքը մոտ կես ժամ մնացել է ավերակների տակ, ապա օգնության են հասել հարևաններն ու փրկարարները և դուրս են հանել նրանց: Դուստրը գլխի ծանր վնասվածք է ստացել:

Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 30 հազարին: Մահմեդական աշխարհը, արաբական երկրներն Իսրայելին մեղադրում են Գազայում պաղեստինցիների ցեղասպանության համար:

ԱՄՆ-ն լավատես է, Քաթարը՝ դեռ ոչ

Այժմ ակտիվորեն քննարկվում է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի շրջանում, ժամանակավոր մարդասիրական հրադադար հաստատելու հնարավորությունը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուսով է, որ համաձայնությունը ձեռք կբերվի մինչև մարտի 10-ին մեկնարկող Ռամադանը:

«Իմ ազգային անվտանգության թիմն ասում է, որ դա հնարավոր է անել, դա գուցե լինի հաջորդ շաբաթ»,- ասել է Բայդենը NBC հեռուստակայանի «Ուշ երեկո Սեթ Մայերսի հետ» հաղորդաշարի թղթակցին:

Բայդենի համոզմամբ՝ հրադադարը կընձեռի դեռևս պատանդ պահվող իսրայելցիներին ազատելու հնարավորություն:

Արաբական աշխարհում ենթադրում են, որ եթե Ռամադանի օրերին էլ հրադադար չլինի, հակամարտությունը կարող է ներառել ամբողջ տարածաշրջանը: Բայդենն ասել է նաև, թե Իսրայելի կառավարությունից հավաստիացրել է, որ Ռաֆահում գտնվող պաղեստինցիները խոշոր գործողությունից առաջ կտարհանվեն:

Բանակցություններ են մեկ Փարիզում, մեկ Քաթարում: Այդ միջնորդ երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին ասել է, թե համաձայնության մասին այսօր խոսել չի կարելի:

«Եթե համաձայնություն լիներ, դուք ինձ այստեղ ավելի լավ տրամադրությամնբ կտեսնեիք: Բայց հիմա չկա համաձայնություն, մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է խոսնակը:

Գազան գործոն կլինի նաև նոյեմբերին

Բայդենի համար կարևոր է հրադադարը Գազայում, նա պայքարելու է նոյեմբերին վերընտրվելու համար, մինչդեռ նրա վարկանիշը երիտասարդների և ձախակողմյան առաջադիմական ընտրողների շրջանում անկում է գրանցում Իսրայելին միանշանակ սատարելու և Գազայում զոհերի թվի սարսափելի աճի պատճառով:

Իսրայելը սպառնում է սկսել հարձակումը Ռաֆահի վրա հենց մարտի 10-ին, եթե արմատական «Համաս»-ի զինյալները մինչ այդ չազատեն բոլոր պատանդներին: Ռաֆահում ապաստանածները խաղաղության մասին են երազում:

«Մեր միակ հույսը հրադադարն է»

«Մեր հույսը հրադադարն է, չենք ուզում պատերազմ, այն ավերեց մեզ և մեր տները: Արդեն երեք ամիս է, ինչ տեղահանված ենք, հոգնել ենք, ապրում ենք վրաններում, սնունդ չկա, ջուր չկա, մեր տները քանդվել են, բայց ուզում ենք վերադառնալ, չենք ուզում տեղահանված մնալ։ Սա է մեր միակ հույսը»,- ասել է Խան Յունիսից Ռեհաբ Ռեդվանը։

XS
SM
MD
LG