Մատչելիության հղումներ

Հունաստանի պաշտպանության նախարարի այցից հետո Հայաստան է ժամանում Կիպրոսի ԱԳ նախարարը


Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Կոնստանտինոս Կոմբոս, արխիվ
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Կոնստանտինոս Կոմբոս, արխիվ

Հունաստանի պաշտպանության նախարարի այցից հետո այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:

Վաղն արտգործնախարարությունում կկայանա Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին կհետևի նրանց համատեղ մամուլի ասուլիսը:

Կոմբոսի այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2023-ի դեկտեմբերի Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր պաշտոնական այցով Կիպրոսում։ Նա Կիպրոսի իր գործընկերոջ հետ քննարկեց պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն, այդ թվում՝ ուսումնավարժական ծրագրերին, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման, ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։

Իսկ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը պաշտոնական այցով երկուշաբթի՝ մարտի 4-ին էր Երևանում։ Նա Պապիկյանի հետ խոսեց Հունաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդումից, Հայաստան-Հունաստան-Կիպրոս հաջող եռակողմ պաշտպանական գործակցությունից։

Դեռ 2023-ի հուլիսին Կիպրոսում տեղի էին ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել էին երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկել երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կողմերը նաև եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիր էին ստորագրել։

XS
SM
MD
LG