Մատչելիության հղումներ

ԼՂ-ում հայերը 2023-ին աշխարհում ամենամեծ անկումն են ունեցել իրավունքների պաշտպանության առումով. Freedom House


Freedom House-ի զեկույցում 2023-ին առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ տարածքից դարձել է անազատ՝ ադրբեջանական ռեժիմի կողմից շրջափակման և ռազմական հարձակումից հետո, որը «հանգեցրեց Ղարաբաղի անջատողական կառավարության կապիտուլացիային, և ստիպեց 120 հազար հայ բնակչությանը հեռանալ՝ ադրբեջանական զինված ուժերի ուժեղ ճնշման ներքո»։

Փաստելով, որ օտարերկրյա դիտորդները կատարվածը որակել են որպես էթնիկ զտում, հեղինակավոր կազմակերպությունն արձանագրում է՝ «ադրբեջանական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը 2023-ին աշխարհում ամենամեծ անկումն են ունեցել ազատությունների ու իրավունքների պաշտպանության առումով»։

Հայաստանը ժողովրդավարությունների ու ազատությունների առումով տեղաշարժ չի գրանցել

Հայաստանը ժողովրդավարությունների ու ազատությունների առումով տեղաշարժ չի գրանցել՝ նախորդ տարվա նման ստանալով 100 հնարավորից 54 միավոր։ Քաղաքական իրավունքների ու ընտրությունների բաժնում նշվում է, որ անցած տարվա սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 14 քաղաքական ուժ, մյուս կողմից՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 28,4 տոկոսը։

Թեև քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ եղել են «վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումներ», ընտրողները հիմնականում ազատ են արտահայտել իրենց ընտրական կամքը, փաստում է զեկույցը, միաժամանակ նշելով, որ տեղական դիտորդները արձանագրել են քվեարկության գաղտնիության, «ընտրողներին ուղղորդելու» և դիտորդների կամ լրագրողների իրավունքների խախտումներ:

Ընդհանուր առմամբ, նշում է Freedom house-ը, 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական լանդշաֆտը փոխվել է, ընտրությունները զգալիորեն ավելի մրցակցային են դարձել։ Միաժամանակ, արձանագրվում է, որ անցած տարեվերջին իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փոխեց Ալավերդու քաղաքապետին՝ անվստահություն հայտնելու միջոցով, որն ըստ ընդդիմության, անօրինական էր։ Քաղաքացիական հասարակության խմբերի կոալիցիան ևս դատապարտել է այդ քայլը՝ ահազանգելով, թե մինչ այդ քաղաքապետի նկատմամբ կիրառվել է «ճնշում և ահաբեկում»:

Արդյո՞ք կառավարության ղեկավարն ու պատգամավորներն են որոշում երկրի քաղաքականությունը․ անդրադառնալով այս հարցին Freedom house -ը փաստում է. «Թեև վարչապետ Փաշինյանը խոստացել էր նվազեցնել բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա, սակայն նրա կուսակցական ցուցակով խորհրդարան մտան երկու հզոր գործարար։ Որոշ ընդդիմադիր օրենսդիրներ նույնպես սերտ կապեր են պահպանում ազդեցիկ գործարարների հետ»:

«Մոսկվան, կարծես, ուժեղացրել է իր ազդեցությունը Հայաստանի կառավարության վրա»

Խոսելով աշխարհաքաղաքական բևեռների մասին՝ զեկույցը նշում է՝ «Մոսկվան, կարծես, ուժեղացրել է իր ազդեցությունը Հայաստանի կառավարության վրա՝ 2020-ի նոյեմբերի հրադադարը միջնորդելուց և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո։ Ենթակառուցվածքների մեծ մասը, այդ թվում՝ երկաթուղին և էներգակիրները, նույնպես կախված են Ռուսաստանից, և ռուս սահմանապահները 2023 թվականի դրությամբ շարունակում են մնալ Հայաստանի սահմանին»։

Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո, սակայն, երբ այն հայտնվեց ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ, «Հայաստանի իշխանությունները դիվերսիֆիկացնում են գործընկերությունը անվտանգության ոլորտում»։

Ներքաղաքական զարգացումների մասին

Ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով՝ զեկույցը փաստում է՝ թեև 2018 թվականի հեղափոխությունից հետո կառավարությունը փորձեց հետաքննել անցյալի սխալները և ամրապնդել հակակոռուպցիոն մեխանիզմները, այդ միջոցառումները զգալի դանդաղել են 44-օրյա պատերազմից հետո՝ անվտանգության մարտահրավերների պատճառով:

Դանդաղում են բարեփոխումները նաև դատական համակարգում․ «2019-ին հրապարակվել է ոլորտի բարեփոխման ռազմավարությունը, 2022 թվականի կեսերի դրությամբ ծրագրված գործողությունների և ենթաբաժինների միայն 32 տոկոսն է իրականացվել ժամանակին, իսկ 56 տոկոսը չի իրականացվել»։

Թափանցիկ կառավարման ոլորտում առկա խնդիրները նույնպես ամբողջությամբ չեն վերացել․ անցած տարվա 9 ամսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է 106 դեպք, երբ խախտվել են լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքները։ Դրա վառ օրինակներից մեկը Երևանի քաղաքապետի երդմնակալությունն էր, որին լրագրողների մուտքն արգելված էր։ Մեկ այլ օրինակ է դատարանի կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշիվների վրա դրված 1 միլիոն դրամի արգելանքը մի հոդվածից հետո, որտեղ նշվում էր, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է կատարվել:

Նշվում է նաև, որ 2021 և 2022-ին հրապարակվել են զեկույցներ, որոնց համաձայն Հայաստանում լրագրողները, այլախոհները և իրավապաշտպանները թիրախավորվել են մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերի միջոցով, և որ այդ գործընթացում ներգրավված է եղել նաև Հայաստանի կառավարությունը:

Որպես դրական զարգացում՝ «Վարչապետ Փաշինյանը 2 տարվա ընդմիջումից հետո՝ 2023 թվականին, վերականգնել է ուղիղ կապը լրատվամիջոցների հետ՝ անցկացնելով չորս մամուլի ասուլիս, ինչպես նաև մեկ հարցուպատասխան քաղաքացիների հետ»։

XS
SM
MD
LG