Մատչելիության հղումներ

Տեղ գյուղի տակ առավոտը բռնել են մեկ ադրբեջանցու, մյուսը փախել է. համայնքի ավագանու անդամ


Սյունիքի Տեղ գյուղում առավոտից սահմանն անցած ադրբեջանցի զինվորի թեման է:

Ադրբեջանցի զինծառայող է այսօր լուսադեմին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում անցել հայկական տարածք։

«Ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից», - հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողին հայ պայմանագրայիններն են գտել։

«Տեղ գյուղի տակ առավոտ 6-7-ը բռնվել են, մեկը փախել է, մեկին բռնել են։ Երևի իրենց կողմից իրար հետ պրոբլեմ է եղել։ Գիշերվանից 3։30-ից ձայնները գալիս էին։ Դրանք եկել են Տեղ գյուղի տակ, մեր պայմանագրայինները բռնել են», - ասաց նա։

Ըստ Հովսեփյանի՝ Արավուս գյուղի դիմացի ադրբեջանական դիրքից են երկու ադրբեջանցի զինվորները փախել դեպի Տեղ գյուղ, ենթադրում է՝ ներքին վեճ է եղել, հավանաբար այդ պատճառով էլ երկու զինծառայողները փախել ու հայտնվել են հայկական կողմում։ Արավուսցիները ադրբեջանական այդ դիրքից աղմուկ- ձայներ են լսել, նաև կրակոցի ձայներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ որոնում են իրենց բանակի զինվոր Ռուսլան Փանախովին։ Նա, ըստ Բաքվի, այսօր առավոտյան Լաչինի շրջանում դիրքից դիրք գնալիս մոլորվել է վատ եղանակի պատճառով։

Ադրբեջանական լրատվամիջոցները զրուցել են զինվորի մոր, այլ հարազատների հետ։ Պատմում են՝ Ռուսլանն 9 ամսվա ծառայող է, երեկ են հետը խոսել, «ծառայությունից դժգոհ չի եղել»։
Ինչու է այնուամենայնիվ Ռուսլանը Հայաստան հասել՝ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Որ հոդվածներով՝ իրավապահները դեռ չեն մանրամասնում։

Քանի որ զենքով է եղել, ամեն ինչ էլ կարող ենք ենթադրել. Անդրանիկ Քոչարյան

«Քանի որ զենքով է եղել, ամեն ինչ էլ կարող ենք ենթադրել»,- ասում է Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, - «Կարող է լինել դիվերսիա, կարող է լինել հարբած, կարող է լինի՝ իրենց զորամասերում տիրող իրավիճակի արդյունքում ինքը փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»։

Գուցե ադրբեջանական կողմը փորձել է սադրանք հրահրել, ենթադրում են Տեղ գյուղում ապրողները. - «Կարող ա գյուղ մտնեն, գործողություններ կատարեն, որպեսզի հրահրեն, հետո ասեն՝ հայերը սկսեցին։ Գիտենք իրենց դիվանագիտությունը, Ներքին Հանդում էլ այդպես արեցին», - ասում են տեղացիները՝ հավելելով՝ ադրբեջանցիներն այնքան մոտ են մեր գյուղին, մեր տներին։

Ի՞նչ է լինելու ադրբեջանցի շարքային Ռուսլան Փանահովի հետ, կվերադարձնե՞ն նրան ադրբեջանական կողմին. նայած, թե ինչ մեղադրանք կառաջադրվի նրան, ասում է Անդրանիկ Քոչարյանը՝ հիշեցնելով՝ «մենք էլ գերիներ ունենք այնտեղ»։


Շուրջ մեկ տարի առաջ երկու ադրբեջանցիներ էին ներթափանցել դարձյալ Սյունիք՝ Բաբիրովն ու Ախունդովը, վերջինս Զանգեզուրի կոմբինատի պահնորդին էր սպանել։ Նրանք դատապարտվեցին այստեղ, սակայն նախորդ տարեվերջին ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման պայմանավորվածության՝ հանձնվեցին Բաքվին, և Հայաստան եկան 32 հայ ռազմագերիներ։

XS
SM
MD
LG