Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ներկայացրել է Գազայի հատվածին առնչվող առաջին պաշտոնական ծրագիրը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացրել է Գազայի հատվածի հետ կապված առաջին պաշտոնական ծրագիրը, որով Իսրայելը ենթադրում է անվտանգության վերահսկողություն սահմանել պաղեստինյան բոլոր տարածքների վրա: Այդ ծրագրով Գազայի վերականգնումը կախված կլինի պաղեստինյան տարածքի ապառազմականացումից:

Փաստաթղթով Իսրայելը կպահպանի անվտանգության հսկողությունը Հորդանան գետից արևմուտք գտնվող բոլոր տարածքների վրա, ներառյալ գրավված Արևմտյան ափը և Գազայի հատվածը: Պաղեստինցիները ցանկանում են այդ տարածքներում ստեղծել իրենց անկախ պետությունը: Նրանք արագ և կտրականապես մերժել են Նեթանյահուի երեկ հրապարակած ծրագիրը, պնդելով, որ այն դատապարտված է ձախողման:

Նեթանյահուն այն ներկայացրել է կառավարության անդամներին: Reuters լրատվական գործակալությունը փոխանցում է, որ ծրագիրը դեռ կարող է խմբագրվել: Թվարկված երկարաժամկետ նպատակներում Նեթանյահուն մերժում է պաղեստինյան պետության «միակողմանի ճանաչումը»։ Նա ասում է, թե պաղեստինցիների խնդրի կարգավորումը ձեռք կբերվի միայն երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, չնշելով, թե ով կներկայացնի պաղեստինյան կողմը:

Այս պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի հարավային բնակավայրերի վրա «Համաս»-ի կատարած անսպասելի գրոհներով, որոնց հետևանքով, ըստ իսրայելական տվյալների, զոհվել է մոտ 1200 մարդ, և ևս 253-ը պատանդառվել են։ «Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմի նպատակը «Համաս»-ի ամբողջական ոչնչացումն է: Պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 29 հազար 400-ը: Գազայի հատվածը գրեթե ամբողջությամբ վերածվել է ավերակների, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են, պատերազմը Գազայի հատվածում առաջացրել է համատարած սով և հիվանդություններ: Տասնյակ արաբական և մահմեդական պետություններ Իսրայելին մեղադրում են Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանություն իրագործելու համար: Իսրայելն անընդունելի և վիրավորական է որակում այդ պնդումները:

XS
SM
MD
LG