Մատչելիության հղումներ

«Եթե Զելենսկին որոշի գալ Հայաստան, պետք է ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք»․ իշխանական պատգամավոր


Փաշինյան-Զելենսկի կարճ հանդիպում Գրանադայում, 5-ը հոկտեմբերի, 2023թ․
Փաշինյան-Զելենսկի կարճ հանդիպում Գրանադայում, 5-ը հոկտեմբերի, 2023թ․

«Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պետք է ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ վտանգ չի տեսնո՞ւմ, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, Մելքոնյանը պատասխանեց. - «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանը ինչպես կարձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում։ Մեր երկրի շահը, ոնց թելադրում է մեզ, այնպես էլ պետք է առաջնորդվենք»։

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Սա կլինի Զելենսկու առաջին այցը տարածաշրջան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։

Ուկրաինայի գործերի հավատարմատարն ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այս տեղեկությունը։ «Ազատության» հարցին ի պատասխան Վալերի Լոբաչն ընդամենն արձագանքել է՝ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։

Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ որ հայտարարել է՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում Երևանի դիրքորոշումը։ «Դա կարևոր հայտարարություն է», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Օրերս Պեսկովը կրկին անդրադարձավ թեմային՝ նշելով՝ Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը:

XS
SM
MD
LG