Մատչելիության հղումներ

Զարեհ Սինանյանը մեկնել է Ուկրաինա


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնել է Ուկրաինա։

Ըստ վարչապետի որոշման՝ Սինանյանը դեկտեմբերի 12-14-ը կլինի Օդեսայում, 14-ից 15-ը՝ Դնեպրում, 15-ից 16-ը՝ Խարկովում, 16-ից 20-ը ներառյալ՝ Կիևում։

Նա Ուկրաինայում է՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով, ասված է վարչապետի որոշման մեջ։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն այս տարվա սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։

Չեխական CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան ի գիտություն ընդունեց Երևանի դիրքորոշումը։ «Դա կարևոր հայտարարություն է», - ասաց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Սեպտեմբերի 6-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցեց «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովին», իսկ Մալթայում հոկտեմբերին կայացավ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովը, որին մասնակցեցին 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG