Մատչելիության հղումներ

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Զելենսկին մարտին կայցելի Երևան և Բաքու


«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Սա կլինի Զելենսկու առաջին այցը տարածաշրջան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։

Ուկրաինայի գործերի հավատարմատարն այսօր ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց այս տեղեկությունը։ «Ազատության» հարցին Վալերի Լոբաչն ընդամենը արձագանքեց՝ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։

«Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց չեմ կարող ոչինչ ասել, մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ առաջիկա անելիքների մասին։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծեր չբացելով ասեմ, որ մեր երկիրն ամեն ինչ կանի տարածաշրջանի կայունացման համար», - ասաց Լոբաչը։

Ըստ Արտաքին գործերի նախարարության տեղեկագրի՝ Ուկրաինայի նախագահը (Լեոնիդ Կուչման) վերջին անգամ Հայաստան այցելել է 2002 թվականին, Հայաստանի նախագահը Ուկրաինա՝ 2012-ին (Սերժ Սարգսյանը)։

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

Լոբաչն ընդգծեց՝ դա ժողովրդի կողմից ընտրված ղեկավարի դիրքորոշումն է, որը գուցե նրա սիրտի խոսքն է եղել։

Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու տարի անց, երբ Կրեմլը հայտարարում է առաջխաղացման մասին, իսկ ուկրաինական կողմը հրատապ է համարում արևմտյան սպառազինությունների օր առաջ մատակարարումը, Վալերի Լոբաչը հայտարարեց. - «Մեզ պատմությունը կդատի, ճշմարտությունը մեր կողմն է»։

«Ես գուշակ չեմ և չեմ կարող ասել՝ ինչ կլինի, բայց ակնհայտ է, որ մենք կհաղթահարենք այս ամենը։ Մենք մեր արդարության համար ենք պայքարում, մենք կպահենք մեր տարածքը, ռուսական կեղտոտ սապոգը մեր տարածք է ներխուժել, մենք այն դուրս կմղենք», - ասաց ուկրաինացի դիվանագետը:

Երևանում, Կինոյի տանը ուկրաինացի ռեժիսորի «Հոստոմել՝ մեկ շենքի պատմություն» ֆիլմի ցուցադրումն էր այսօր, որին հրավիրված էին մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանը։ Նախքան ցուցադրությունը Ուկրաինայի գործերի հավատարմատարը թվարկեց՝ ինչ արհավիրքներ է ստեղծել Ռուսաստանն այսօր Ուկրաինայում։

XS
SM
MD
LG