Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների ռեկորդային պաշտպանական ծախսեր է ակնկալում այս տարի


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 15-ը փետրվարի, 2024թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 15-ը փետրվարի, 2024թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարում է՝ դաշինքի 31 անդամներից 18-ը ընթացիկ տարում պատրաստ են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, այսինքն՝ իրենց տնտեսության համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը հատկացնել պաշտպանական ծախսերին։ Այդ երկրների թվում է Գերմանիան։ Եվրոպայի ամենահզոր տնտեսությունն ունեցող երկիրը «սառը պատերազմից» ի վեր առաջին անգամ է սպառազինությանը հատկացնում իր ՀՆԱ-ի 2 տոկոսը , ինչը կազմում է մոտ 72 միլիարդ դոլար:

«Ես ակնկալում եմ, որ 18 դաշնակիցներն այս տարի կծախսեն իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանության վրա։ Սա ևս մեկ ռեկորդային թիվ է, որը վեց անգամ մեծ է 2014 թվականի համեմատ, երբ միայն երեք դաշնակիցներն են հասել այդ նպատակին», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Այսպիսով, ինչպես հայտարարել է Յենս Ստոլտենբերգը, 2024 թվականին ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ընդհանուր առմամբ շուրջ 380 միլիարդ դոլար կներդնեն պաշտպանական ոլորտում, լրացուցիչ 600 միլիարդ դոլար էլ եվրոպական մի շարք երկրներ ու Կանադան կհատկացնեն սպառազինության ոլորտին։

Ստոլտենբերգն այդուհանդերձ խոստովանել է՝ չնայած այս ակնհայտ առաջընթացին, որոշ դաշնակիցներ՝ փաստացի 13 երկիր, դեռևս չեն հասել սահմանված նպատակին:

ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի վերաբերյալ ֆինանսական այս հաշվետվությունը հաջորդում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությանը։ Սպիտակ տուն վերադառնալ ձգտող Թրամփը անցած օրերին պնդել է, թե դաշինքի այն անդամները, որոնք կխուսափեն ռազմական ծախսերի ավելացումից, կարող են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության ընթացքում անպաշտպան մնալ։

«Իմ նախագահության ընթացքում ես հանդես եկա ելույթով և ասացի՝ դուք պետք է վճարեք։ Դաշինքի անդամ խոշոր պետություններից մեկի նախագահը սրան ի պատասխան հարց ուղղեց ինձ՝ «իսկ եթե մենք չվճարենք, բայց հետագայում ենթարկվենք Ռուսաստանի հարձակմանը, դուք մեզ կպաշտպանե՞ք»։ Ես պատասխանեցի՝ «ոչ, ես չեմ պաշտպանի ձեզ, ավելին՝ ես կխրախուսեմ նրանց, որ անեն այն ամենն, ինչ ցանկանում են», - հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը:

Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, թե Միացյալ Նահանգներում գիտակցում են՝ որքան է կարևոր ռազմական դաշինքը հենց իրենց անվտանգության համար։

«Միացյալ Նահանգները երբեք միայնակ պատերազմ չի մղել։ Քննադատությունը, որը մենք լսում ենք, ուղղված է ոչ թե ՆԱՏՕ-ին, այլ այն դաշնակիցներին, որոնք բավարար միջոցներ չեն ծախսում», - ասել է ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG