Մատչելիության հղումներ

Տարեց բնակչին գլխատելու համար կասկածվող ադրբեջանցուն Երևանին հանձնելու թղթերը դեռ չեն ուղարկվել Մոսկվա


Քամիլ Զեյնալլին իր փաստաբանի հետ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, 21-ը փետրվարի, 2024թ․
Քամիլ Զեյնալլին իր փաստաբանի հետ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, 21-ը փետրվարի, 2024թ․

Մոսկվայի օդանավակայանում երեկ ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Երևանին հանձնելու փաստաթղթերը դեռ չեն ուղարկվել Մոսկվա։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) «Ազատության»-ը պատասխանել են, որ Մոսկվայի հարցմանն ի պատասխան Երևանը հաստատել է, որ Զեյնալլին գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցն էլ կալանքն է։

«Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով», - փոխանցում են ՆԳՆ-ից։

Մինչ Երևանում փաստաթղթեր են պատրաստում, Բաքուն հաղորդեց, որ Զեյնալլին այսօր առավոտյան արդեն Մոսկվայից ժամանել է Բաքու։

Հայտնի ֆիթնես բլոգերին ռուս ոստիկանները երեկ գիշերն էին ձերբակալել «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Բաքու վերադառնալիս։ Ձերբակալության ժամանակ նա ուղիղ եթերով պատմել էր, որ իրեն են մոտեցել ոստիկանները, հայտնել, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռ անցած տարվա մայիսից, և որ նա պետք է Ռուսաստանում կանգնի դատարանի առջև։

Նա կասկածվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութում տարեց ու անզեն բնակչին գլխատելու համար։

Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը երեկ «Ազատության»-ը փոխանցեց՝ ռուսական կողմից ստացել են հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկատվությունը և հաստատել, որ նրան են փնտրում։ Բայց թե ինչո՞ւ են ռուսները նրան ազատ արձակել, դեռ տեղեկություն չունեն։

XS
SM
MD
LG