Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը երկու ամիս տնային կալանքի տակ կանցկացնի։ Հրաժարականից ժամեր անց մեղադրյալի կարգավիճակ ստացած Վահան Քերոբյանը համաձայն չէ ոչ մեղադրանքի, ոչ էլ դատարանի այս որոշման հետ ու կբողոքարկի։
Դատական նիստի սկզբում դատավորը հայտարարեց՝ նախկին նախարարը տնից դուրս գալու իրավունք չունի, չի կարող զանգել, զանգեր ստանալ, հյուրեր ընդունել։
Կառավարության նիստում նույն գործով մեղադրվող իր չորս ենթականերին հրապարակավ պաշտպանելուց հետո պաշտոնանկ արված ու մեկ օր անց ձերբակալված Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։
Ըստ Քննչականի՝ անցած տարի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջիին»։ Քննիչները պնդում են, թե նախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։
Քերոբյանն այսօր լրագրողներին ասաց՝ մեղքը չի ընդունում, միաժամանակ պնդեց՝ ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում, վարչապետ Փաշինյանը կապ չունի այս գործի հետ, գործի մանրամասներից ինքն իրավունք չունի խոսել։
Նախկին նախարարը նաև իր պաշտոնանկությունից փակագծեր բացեց. ասաց՝ իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարություննյան է առաջարկել ազատման դիմում գրել։ Վերջինս, սակայն, կոնկրետ պատճառ չի բերել։
«Ուրախ չէին իմ աշխատանաքի համար», - ասաց նախկին նախարարը։
Գիշերը ճաղերի հետևում անցկացրած Քերոբյանն այսօր լրագրողների հարցերին լակոնիկ պատասխաններ էր տալիս, բայց ինքն էլ նրանց մի հարց տվեց. - «Նոր նախարար նշանակե՞լ են»։
47-ամյա Քերոբյանը երկու օր առաջ հայտարարեց իր հրաժարականի մասին՝ շեշտելով՝ «ստացվեց այնպես, որ այլևս չի ծառայելու Հայաստանի բնակիչներին»։ Նա, սակայն, չէր հստակեցրել՝ այդ ինչպես ստացվեց և կոնկրետ ում ցանկությամբ:
Մեկ շաբաթ առաջ կառավարության նիստին իր ենթականերին պաշտպանելուց բացի, նա նաև դժգոհել էր, որ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում:
«Ասում են առերևույթ կոռուպցիա, բայց չեն ասում, թե կոռուպցիայի բնույթը ինչպիսին է, այսինքն՝ կաշառք կա՞, չկա՞, չեն ասում։ <> Այս առաջին դրվագով, որը վերաբերում է Անի Իսպիրյանին, ընդհանրապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել, այսինքն՝ թե ինչ վնաս է հասցրել պետությանը, ինչպիսի սխալ ծախսեր են կատարվել, ով է դրա համար կաշառք վերցրել, ոչ մի նմանատիպ հարց չկա», - ասել էր նա։
Նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը պնդում է՝ մեղադրանքի հիմքերը թույլ են և որ չեն համապատասխանում իրականությանը։
«Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - ասաց նա։
«Սիներջիի» գործով ևս 7 մեղադրյալ կա՝ Քերոբյանի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը և ևս երեք աշխատակից, մեղադրյալներ են նաև «Սիներջիի» ղեկավարն ու նախկին ու ներկա երկու աշխատակից։