Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
«Տնային կալանքի սկիզբը հաշվի առնել մեղադրյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2014 թվականի փետրվարի 15-ից», - հայտարարեց դատավորը։
Քերոբյանն այսօր ասաց, որ այս գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Նախքան վճռի հրապարակումը, լրագրողների հետ ճեպազրույցում նախկին նախարարը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է իրեն առաջարկել ազատման դիմում գրել, ինքն էլ համաձայնել է։ Ըստ Քերոբյանի՝ պատճառների մասին Հարությունյանը չի նշել։
«Ուրախ չէին իմ աշխատանաքի համար», - ասաց նախկին նախարարը։
Երեկ Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը: Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրեց, որ Քերոբյանը ձերբակալվել է։ Եգորյանի խոսքով՝ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանն հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։
Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։
Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։