Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, տեղեկացնում է վարչապետի գրասենյակը։
Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Վարչապետի գրասենյակը չի հստակեցրել՝ նախատեսված է արդյոք հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։
Փաշինյանի հետ Մյունխեն են մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարար Սունե Պապիկյանը։
2023-ին Միյունխենում Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը օրերս՝ Մյունխենի Անվտանգության համաժողով ուղևորվելուց առաջ, հայտարարեց, որ «Վաշինգտոնը փորձելու է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները»։ Փոխպետքարտուղարը, սակայն, չնշեց Մյունխենում հայ-ադրբեջանական կարգավորմանը նվիրված բանակցություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ։
Մյունխեն մեկնելու մասին հայտարարել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում»:
1999 թվականից ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները, զինծառայողները և բիզնեսի ներկայացուցիչները։
Ֆորումի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության նոր նախաձեռնությունները: