Ի՞նչ կտա Հայաստանին Բրյուսելի հետ հարաբերությունների խորացումը, որի մասին երեկ հայտարարեցին երկու կողմերի արտգործնախարարները։ Միրզոյանն ու Բորելը փակագծեր չէին բացել, սակայն քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ նորությունը կարող է լինել համագործացությունն անվտանգության ու առևտրի ոլորտներում։
Բրյուսելում կարևորում են Հայաստանի անվտանգության ամրապնդումը. Ռիչարդ Կիրակոսյան
«Բրյուսելում կա գիտակցում, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի անվտանգային մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարական ու բարեփոխումների օրակարգին, հետևաբար Բրյուսելում կարևորում են Հայաստանի անվտանգության ամրապնդումը։ Հարաբերությունները խորացնելու երկրորդ ոլորտը տնտեսությանն ու առևտրին է վերաբերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
2017-ին ստորագրված ու 2021 թվից Երևանի ու Բրյուսելի միջև գործող համաձայնագիրը չի ներառում անվտանգության ոլորտում համագործակցության մասին կետեր։
Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը ձգտում է Եվրամիության հետ նոր պայմանագիր ունենալ, օրինակ՝ Ասոցացման համաձայնագիր՝ հետևելով Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի օրինակին, որոնք այսօր ԵՄ անդամ դառնալու ճանապարհին են։
«Ո՛չ Բրյուսելը, ո՛չ Երևանը չեն ցանկանում գնալ առճակատման Մոսկվայի հետ, բացի այդ, ԵԱՏՄ-ն էլ ՀԱՊԿ չէ, և Հայաստանը չի փնտրում դրանից հեռանալու ելքեր, ընդհակառակը՝ փորձում է մեծացնել հնարավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակում։ Չեմ կարծում, թե Երևանը կամ Բրյուսելը ցանկանում են «այո կամ ոչ ճանապարհով շարժվել»։ Սա շատ առումներով ավելի իրատեսական մոտեցում է Եվրոպայի կողմից հատկապես այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, փորձում են համագործակցել Հայաստանի հետ, ոչ թե փրկել Հայաստանը։ Եվ ոչ էլ Հայաստանի կառավարությունն է ձգտում սադրել Ռուսաստանին շատ արագ ու շատ հեռու գնալով Եվրամիության հետ հարաբերություններում», - շեշտեց Ռիչարդ Կիրակոսյանը։
Եվրոպացի դիվանագետները, անանուն մնալու պայմանով, նշում են, որ հարաբերությունները խորացնելու գնդակը Երևանի դաշտում է, և Բրյուսելը պատրաստ է քննարկել անգամ հավակնոտ ծրագրեր, ընդհուպ մինչև ասոցացում, միայն թե դրա համար Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ երկու մաքսային համակարգերը համատեղելի չեն։ Եթե լինի երկընտրանք, կքննարկի՞ արդյոք Երևանը ԵԱՏՄ-ն լքելու հարցը, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը ուղիղ չի պատասխանում։
«Նույնիսկ եթե մենք հիմա դա քննարկելիս էլ լինեինք, ես դա չէի քննարկի «Ազատության» եթերում, որովհետև նույնիսկ եթե նման քննարկվելուց լինի, դա քննարկվում է այլ տեղ, դա չի քննարկվում լրատվամիջոցներում՝ իմ կարծիքով։ Իհարկե, պատշաճ ժամանակում, այո, եթե նման քննարկում լինի, դա նաև դառնում է հանրային քննարկում, բայց… չկա {հանրային քննարկում}», - ասաց իշխանական պատգամավորը։
Այնուամենայնիվ, Արման Եղոյանի կարծիքով՝ Երևանի ու Բրյուսելի հարաբերությունները զարգանալու տեղ ունեն հենց գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սահմաններում։
«Եկեք ճիշտ հասկանանք, որ հարաբերությունները, լինեն դրանք Եվրամիության հետ կառուցվող կամ ԵԱՏՄ հետ կառուցվող, կամ ԵԱՏՄ հետ փոփոխվող, չեն կարող տեղի ունենալ մեկ օրում, մեկ ամսում, երկու ամսում, վեց ամսում, այդպես չի լինում, որովհետև մենք գործ ունենք հազարավոր տնտեսվարողների հետ։ Այսինքն՝ քաղաքականությունը քաղաքականությունը, բայց տնտեսությունը չի կարող սպորտսմենի նման մեկ վայրկյանում մեկ տեղից ցատկել մեկ այլ տեղ», - ասաց նա։
Չկա նաև հարաբերություններում լճացման վտանգ, վստահ է պատգամավորը. - «Բովանդակային փուլում բազմաթիվ անելիքներ կան, հետո նոր արդեն երբ լիմիտները կհասնեն, կհասնենք արդեն մենք քաղաքական խնդիրներին, այդ ժամանակ այո, Ձեր հարցը կլինի տեղին, բայց մենք դեռ այդտեղ չենք»։
Երևանի ու Բրյուսելի հարաբերություններում մարտահրավերն իրականում ոչ թե լճացման վտանգն է, այլ Եվրամիության կապերը Բաքվի հետ, կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը՝ օրինակ բերելով Բրյուսելի ու Բաքվի գազային պայմանագիրը։ Ըստ նրա՝ Հայաստանի անվտանգությունն արդյունավետ ապահովելու Արևմուտքը պետք է առավել կոշտ արձագանքի Բաքվի սպառնալիքներին ու Հայաստանի դեմ քայլերին։