Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկել է Միրզոյանի հանդիպումը Բորելի հետ, կկայանա նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Եվրամիության մայրաքաղաքում մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին, որին կմասնակցի նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Մինչ այդ արդեն մեկնարկել է Միրզոյանի երկկողմ հանդիպումը Բորելի հետ։ ԵՄ լրատվական ծառայության հրապարակած կարճ տեսանյութում երկկողմ հանդիպման մեկնարկին Բորելը հարցնում է Միրզոյանին՝ արդյո՞ք կրկին խնդիրներ կան, ինչին նախարարը պատասխանում է՝ «ցավոք, այո»։

Քիչ առաջ Արտգործնախարարությունը մանրամասնեց, որ Միրզոյան-Բորել հանդիպմանն անդրադարձ է կատարվել առավոտյան Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ Միրզոյանն ընդգծել է՝ «այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակներ է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը»։

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, քննարկվելու է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ Հայաստանում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով, դիտարկվելու են տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները, անդրադառնալու են անվտանգային իրավիճակին։

Միրզոյանը երեկ արդեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ, որի հետ քննարկել են նաև «տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության հարցերը»։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի հետ, քննարկել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG