Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը. Փաշինյան


Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, Փաշինյանտ նշել է. - «Դժբախտաբար սա մի առանձին գործողություն չէ. մենք շարունակաբար տեսնում ենք ադրբեջանական սադրանքների շարք։ Ըստ մեր գնահատականի, դա Ադրբեջանի քաղաքականությունն է, ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն։ Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը՝ համեմված Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներով»։

Ընդգծելով, որ խաղաղության գործընթացն այլընտրանք չունի, Նիկոլ Փաշինյանն ասել է, «մեր կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, բայց դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի»։

«Եվ այսօրվա չորս զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում: Սրա մասին են վկայում երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները:

Հարցը նույնիսկ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների հրամցրած միջադեպը չէ, որովհետև մենք շատ երկար ու բարդ սահման ունենք և եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով: Ցավոք մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին: Նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ և ընդգծել խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողություններին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:

Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

XS
SM
MD
LG