Մատչելիության հղումներ

Երևանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյանները հանձնել է Բաքվին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին, հայտնում է Ադրբեջանի ականազերծման ծառայությունը (ANAMA)՝ առանց հստակեցնելու, թե ե՞րբ և ի՞նչ միջոցով է Երևանը դրանք փոխանցել։ Ընդ որում՝ շարունակում են պնդել, թե փոխանցված տեղեկամատյանների տվյալները ճշգրիտ ու հավաստի չեն։ Ըստ Ադրբեջանի ականազերծման ծառայության՝ հայկակական կողմի փոխանցած վերջին տեղեկամատյանները հիմնականում Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին գրառումներ են։

«Ֆորմուլյարների վերլուծությունները ցույց են տվել, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, իսկ կետերի կոորդինատները սխալ են», - նշել է ANAMA-ն։

Երևանից դեռ չեն արձագանքել Բաքվի մեղադրանքներին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հերթին Բաքվին մեղադրել էր ականապատ դաշտերի քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու համար։

«Ցավոք սրտի, այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ ադրբեջանական կողմի խիստ բացասական և հեգնական արձագանքին` ժխտելով Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթի», - ասված էր Արտգործնախարարության հայտարարությունում:

Բաքուն հայտարարել էր՝ հայկական կողմի քայլը վկայում է, որ Երևանը նպատակ չունի ներդրում ունենալ հումանիտար գործընթացում, պնդել՝ ակնկալում է՝ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները։

Ըստ ադրբեջանական կողմի՝ պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։ Ականազերծման ծառայության տվյալով՝ 2020 թվականի պատերազմից հետո ականների պայթյունից 247 անձ է մահացել կամ ծանր վիրավորվել:

Մինչդեռ Երևանից բազմիցս հայտարարել են, որ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Արդյոք որևէ բանի դիմաց է փոխանցել Երևանը 8 նոր տեղեկամատյանները, հայտնի չէ, ոչ Արտաքին գործերի նախարարությունից, ոչ էլ Կառավարությունից չի հաջողվում պարզել։ Ավելի վաղ արտգործնախարար Միրզոյանն ասել էր, թե նոր քարտեզների ի հայտ գալու դեպքում դրանք Բաքվին կփոխանցվեն երկկողմ կառուցողական մոտեցման դեպքում։

«Չեմ բացառում, որ եթե համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում կարողանանք վերականգնել, իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվությունը, ես չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին». - ասել է Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը, սակայն չէր պարզաբանել, թե ինչ նկատի ունի երկկողմ կառուցողական մոտեցում ասելով։

Վերջին շրջանում Բաքվից չեն դադարում Երևանին ուղղված մեղադրանքերը։ Ադրբեջանի իշխանամետ մամուլն էլ օրերս պնդում էր, թե «Երևանն ու Փարիզը սահմանին տեղային գործողություն են ծրագրում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված իր վերջին հարցազրույցում հայ - ադրբեջանական հարաբերություններում դրական որևէ տեղաշարժի մասին չի խոսել, հակառակը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները որակել է հարված խաղաղության գործընթացին։

«Հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա՝ Բրյուսելի հանդիպման մերժումից, և նաև հետագա հանդիպումների մերժումներից», - ասել է վարչապետը:

Փաշինյանը նաև խոսել է պատերազմի հավանականության մասին. - «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացի, իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը, և իմիջիայլոց, վերջին տարիներին, կարծում եմ, միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունը էականորեն բարձրացել է, և մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին՝ իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»:

Առաջնորդների կամ արտգործնախարարների մակարդակով դեմ առ դեմ բանակցություններ Արցախի հայաթափումից հետո տեղի չեն ունեցել։ Նոր հանդիպման մասին ևս տեղեկություն չկա, կողմերը ժամանակ առ ժամանակ փոխանակում են խաղաղության պայմանագրի իրենց տարբերակները։

XS
SM
MD
LG