Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի հայտնի լրագրող, Fox News հեռուստաընկերության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ կհրապարակվի փետրվարի լույս 9-ին գիշերը Մոսկվայի ժամանակով ժամը 2-ին, իր կայքում գրել է Կարլսոնը։
Այս շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ Կարլսոնը Մոսկվայում է։ Ավելի ուշ նա Կրեմլի ֆոնին տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով Պուտինի հետ հարցազրույցի մասին։ Լրագրողը պարզաբանել էր, թե հարցազրույցի առիթը ամերիկացիների բացարձակ անտեղյակությունն է Ռուսաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։
Երեկ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ Պուտինը հարցազրույց է տվել Կարլսոնին։
Կարլսոնը Fox News-ից հեռացվել է 2023-ի ապրիլին։ Նա X-ի իր էջում հայտարարել է, որ «Ուկրաինային շարունակական աջակցության դեմ հանդես եկող քաղաքական գործիչներին փորձում են լռեցնել՝ մեղադրելով նրանց Ռուսաստանի հետ կապեր ունենալու համար»։