Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդը սկսել է քաղցկեղից բուժում ստանալ: Հիվանդությունն ախտորոշվել է անցյալ շաբաթ շագանակագեղձի վիրահատությունից հետո:
75-ամյա միապետը կհետաձգի հանրային հանդիպումները, բայց կշարունակի զբաղվել պետական գործերով, ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։
«Վերջերս թագավորի հոսպիտալացման ժամանակ՝ բարորակ մեծացած շագանակագեղձի բուժման միջամտության ընթացքում ի հայտ է եկել անհանգստության ևս մեկ պատճառ: Հետագա ախտորոշիչ ընթացակարգերը հաստատել են քաղցկեղի առկայություն: Այսօր Նորին Մեծությունը սկսեց պլանավորված բուժումը: Այս ընթացքում Նորին Մեծությունը կշարունակի զբաղվել պետական գործերով»,- ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
Չարլզ երրորդը կշարունակի ամեն շաբաթ ընդունել վարչապետ Ռիշի Սունակին և քննարկել թագավորության խնդիրները:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ, սակայն դեռ չի նշվում, թե բրիտանացի բժիշկները կոնկրետ ինչ տեսակի քաղցկեղ են հայտնաբերել:
Թագավորը բուժումը կանցնի ամբուլատոր եղանակով։ Դրա համար նա երկուշաբթի օրը՝ փետրվարի 5-ին Նորֆոլքի Սանդրինգհեմ թագավորական կալվածքից վերադարձել է Լոնդոն: