Մատչելիության հղումներ

«Դժվար որոշումներ են սպասվում». Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ


Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ․ Թորիների 42-ամյա ներկայացուցիչը ներկուսակցական ընտրություններում ստանալով անհրաժեշտ 100 քվեն՝ դարձավ երկրի առաջին հնդկական ծագում ունեցող, վերջին 200 տարվա ընթացքում ամենաերիտասարդ վարչապետը։

Այսօր ավելի վաղ Բուքինգեմյան պալատում նրան ընդունել է Չարլզ երրորդը և հանձնարարել կառավարություն ձևավորել։

«Մեծ Բրիտանիան բախվել է հսկայական տնտեսական մարտահրավերների»,- վարչապետի պաշտոնում իր առաջին իսկ ելույթում հայտարարեց Սունակը՝ չթաքցնելով՝ «դժվար որոշումներ» են սպասվում, քանի որ չի ցանկանում հաջորդ սերնդին պարտքեր ժառանգել։

Թե ինչպե՞ս է երկիրը դուրս բերելու աննախադեպ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից, Սունակը չի հստակեցրել, ասաց՝ երկիրը կմիավորի ոչ թե խոսքով, այլ՝ գործով։

«Նոր կառավարությունը կլինի ազնիվ, պրոֆեսիոնալ և հաշվետու», - հավաստիացրեց Մեծ Բրիտանիայի նոր ղեկավարը՝ խոստանալով ուղղել նախորդների սխալները։

Սունակն իր գլխավորած կաբինետի անկյունաքար հռչակեց տնտեսական կայունությունն ու վստահությունը։ Ռիշի Սունակը Դաունինգ Սթրիթ 10-ի բանալիները ստացավ վերջին տասնամյակների ընթացքում երկրի համար թերևս ամենածանր ժամանակահատվածում․ Այս տարվա ընթացքում երկրի արդեն երրորդ վարչապետը պետք է փորձի լուծում տալ ծանր տնտեսական ճգնաժամին, որն առաջացել է մասնավորապես էներգակիրների գների պատճառով։

Հեռացող վարչապետ Լիզ Թրասի աղմկահարույց որոշումները մոլորակի յոթ ամենազարգացած երկրներից մեկը համարվող Մեծ Բրիտանիան հասցրել են սոցիալական, քաղաքական և տնտեսական փլուզման եզրին: Սեպտեմբերի վերջից բրիտանական ֆունտը գտնվում է 1970-ականների սկզբից ի վեր ամենացածր մակարդակի վրա, կտրուկ անկում է գրանցվել նաև պարտատոմսերի շուկաներում։

Սունակը կարող է կտրուկ կրճատել պետական ծախսերը՝ նախ վերականգնելու երկրի ֆինանսական վարկանիշը, ապա փակելու պետբյուջեում առաջացած մոտ 45 միլիարդ եվրոյի ճեղքը, ընդ որում՝ նա այդ խրթին առաջադրանքը պետք է հաղթահարի երկնիշ թվերի հասնող գնաճի, ռեցեսիայի պայմաններում։ Բրիտանական կառավարության 57-րդ ղեկավարը ծագումով հնդիկ է, նրա ընտանիքը Արևելյան Աֆրիկայից Մեծ Բրիտանիա է ներգաղթել 1970-ականներին։

Սունակը մասնագիտությամբ տնտեսագետ է, ուսում է ստացել հեղինակավոր Օքսֆորդ և Սթենֆորդ համալսարաններում, աշխատել է ֆինանսական ոլորտում, այդ թվում` հեղինակավոր Goldman Sachs ներդրումային բանկում։ Ռիշի Սունակի քաղաքական կարիերայի վերելքը սկսվել է ընդամենը յոթ տարի առաջ. նախ ընտրվել է Համայնքների պալատի անդամ, ապա՝ 2020 թվականին Բորիս Ջոնսոնի կառավարությունում ստանձնել ֆինանսների նախարարի լիազորությունները։ Այդ պաշտոնում նրա գլխավոր նախաձեռնություններից մեկը հարկերի կտրուկ բարձրացումն էր, ինչը քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմադիր լեյբորիստների, այլև իր իսկ կուսակիցների կողմից։

Նախորդ քարոզարշավի ընթացքում էլ պնդեց՝ չի պատրաստվում դատարկ խոստումներ տալ նախընտրում է պարտվել ընտրություններում, քան հաղթել սուտ խոստումների օգնությամբ՝ ակնհայտորեն նկատի ունենալով մրցակցի՝ Լիզ Թրասի հարկերը նվազեցնելու խոստումը, որն ի վերջո հանգեցրեց է՛լ ավելի մեծ անորոշության տնտեսությունում, ապա նաև՝ Թրասի հրաժարականին։

Ընդդիմախոսները, սակայն, կասկածում են, թե միլիոնատեր Սունակը հասկանում է կյանքի գների աճի ծավալները, որոնց բախվել են բրիտանացիները։ Մեծ Բրիտանիայի վարչապետը համարվում է երկրի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը:

Սունակի հասցեին հաճախակի հնչող քննադատության պատճառներից մեկը նրա և ընտանիքի շուրջ ծագող սկանդալներն են։ Նախ հայտնի դարձավ, որ Սունակի կինը, որն, ի դեպ, Հնդկաստանի ամենահարուստ գործարարներից մեկի դուստրն է, խուսափել է տասնյակ միլիոնների հասնող հարկերից։ Բացի այդ, ըստ որոշ պնդումների, Սունակի անունը հայտնաբերվել է օֆշորներում գրանցված մի քանի ընկերությունների շահառուների ցանկում, ինչը, սակայն, քաղաքական գործչի ներկայացուցիչները կտրականապես հերքում են:

Լիբերալ դեմոկրատների առաջնորդը՝ Էդ Դեյվին, հակադարձելով Սունակի այսօրվա հայտարարություններին, պնդեց՝ նա այդպես էլ չկարողացավ «հանգստացնել» հանրությանը՝ վրահաս ձմռանն ընդառաջ»։ Լեյբորիստական կուսակցության նախագահ Աննելիզա Դոդսն իր հերթին նշեց՝ վարչապետ այդպես էլ չներկայացրեց հստակ քաղաքական առաջարկներ։ Դոդսը պնդում է՝ «սովորական մարդիկ բարձր գին են վճարում պահպանողական կուսակցության տնտեսական ձախողումների համար։

«Ռիշի Սունակը պահպանողականների տասներկու տարվա կառավարման մաս է կազմել»,- հայտարարեց լեյբորիստների առաջնորդը՝ հավելելով, որ վերջին ընտրություններում մարդիկ չեն քվեարկել բարձր հարկերի, տնտեսական ցածր աճի օգտին»։

XS
SM
MD
LG