Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապես Չարլզ երրորդն առաջին անգամ է ծննդյան օրը նշում այդ կարգավիճակում: Այսօր Չարլզ երրորդի 74-ամյակն է:
BBC հեռուստառադիոկայանի փոխանցմամբ, թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ ոչ մի պաշտոնական միջոցառում նախատեսված չէ: Ծննդյան օրը նա կնշի ընտանեկան շրջապատում:
Այդուհանդերձ մայրաքաղաք Լոնդոնում հրետանավորները միապետի պատվին համազարկ կարձակեն, իսկ Բուքինգհեմյան պալատի պահակախումբը հերթափոխի ընթացքում կկատարի «Ծնունդդ շնորհավոր» ավանդական երգը:
Ավանդույթի համաձայն, բրիտանացի միապետերը ծննդյան օրը տարին երկու անգամ են տոնում: Պաշտոնականը՝ ճոխ արարողակարգով, նշվում է ամռանը, մինչդեռ, օրացույցով դրա հետ չհամընկնող ծննդյան օրը նշվում է նեղ շրջապատում՝ նվազագույն արարողակարգով:
Ծննդյան օրը երկու անգամ տոնելու ավանդույթը հիմնել է Ջորջ երկրորդը (1683-1760), ով, ինչպես և ներկայիս միապետը, նոյեմբերին է ծնվել, և որոշել է տոնը համաժողովրդական ծիսակարգով նշել ոչ թե աշնանն, այլ տարվա եղանակի առումով ավելի բարենպաստ շրջանում՝ ամռանը:
Չարլզ երրորդը միապետ է դարձել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայի դղյակում 96 տարեկանում վախճանվել է նրա մայրը՝ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետ Եղիսաբեթ երկրորդը, ով 70 տարի և 7 ամիս է գահակալել: