Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ից դեռ չեն հստակեցնում՝ արդյոք ականապատ դաշտերի 8 նոր քարտեզները փոխանցվել են ադրբեջանական կողմին


Բաքվին ականապատ դաշտերի 8 նոր քարտեզներ փոխանցելու հայտարարությունից 10 օր անց Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) չի հստակեցնում՝ արդյոք դրանք ուղարկել են ադրբեջանական կողմին: «Ազատության» հարցին ի պատասխան իրավապահ կառույցից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, որին ավելի ուշ կպատասխանեն:

Երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց, թե Թերթերի շրջանում ականի պայթյունից քաղաքացի է տուժել: Այս տեղեկությանը հետևեց պաշտոնական Բաքվի հերթական դժգոհությունը «հայկական կողմի տեղադրած ականներից»:

«Միջազգային գործընկերների ձախողումը՝ ստիպել Երևանին վերացնել այդ սպառնալիքը, ավելի շատ զոհերի և վիրավորների պատճառ է դառնում», - հայտարարեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից:

Պաշտոնական Երևանն այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թեև չի հստակեցնում՝ նոր ի հայտ եկած տեղեկամատյաններն ադրբեջանական կողմին փոխանցվել է, թե՝ ոչ, բայցև շեշտում է՝ Բաքուն դժգոհելու առիթ չպետք է ունենա:

«Պետք է ըմբռնումով մոտենան, որ մենք նաև աջակցում ենք, որպեսզի եթե կա այդպիսի դժգոհություն, կարան ճշտեն՝ դժգոհության խնդիրներն ինչի հետ է կապված», - նշեց Քոչարյանը:

Արդեն այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Բաքվի գլխավոր դատախազությանը, հաղորդեցին, թե նույն Թերթերի շրջանում՝ ականի պայթյունից ևս մեկ ադրբեջանցի է տուժել։

Ադրբեջանի ներկայացրած տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերից ականների պայթյուններից զոհվել է 343 մարդ:

Պաշտոնական Երևանը 44-օրյա պատերազմից հետո տարբեր փուլերում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ: Ի հայտ եկած նոր տեղեկամատյանները Բաքվին փոխանցելու Երևանի որոշմանը, սակայն, հետևեց ադրբեջանական կողմի կոշտ քննադատությունը և պնդումը, թե դա կառուցողական քայլ չէ, քարտեզներն էլ ճշգրիտ չեն:

Խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հակադարձում է՝ խաղաղության գործընթացում հենց Երևանն է կառուցողական կողմը:

«Տարածքը, որի մասին խոսում է, պատերազմական տարածք է եղել և բնականաբար, այնտեղ կարող են լինել և՛ չպայթած զինամթերքներ, և՛ ականներ», - ընդգծեց Արշակյանը:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն քարտեզների թեման շահարկելով՝ այն վերածում է էսկալացիայի առիթի:

Ըստ քաղաքական մեկնաբանի, Բաքվի համար ականապատման թեման Երևանին ճնշելու գործիք է

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի համար ականապատման թեման Երևանին ճնշելու գործիք է, որը պարբերաբար կիրառվում է խաղաղության գործընթացում հայկական կողմին որպես ոչ կառուցողական ներկայացնելու համար:

«Ադրբեջանը փորձում է այսկերպ իր ապակառուցողականությունը տեղափոխել Հայաստանի վրա և էդ միջոցով անընդհատ ճնշումներ բանեցնել Հայաստանի հանդեպ: Մենք այս քաղաքականությունը տեսնում ենք տարբեր ուղղություններով, Ադրբեջանը փորձում է օգտագործել ամենատարբեր առիթներ՝ լինի մեծ կամ փոքր որևէ առիթ», - նշեց Բադալյանը:

Թերթերի շրջանը Մարտակերտի հարակից հատվածներում է, որի մի մասը մինչև 2020 թվականի պատերազմն էլ գտնվել է Բաքվի վերահսկողության տակ: Քաղաքական մեկնաբանը չի բացառում, որ այդ պայթյունները հենց ադրբեջանական կողմի տեղադրած ականներից լինեն:

«Հարց է՝ ում ականների վրա են այդ մարդիկ պայթում, թե՞ իրենց տեղադրած, որովհետև կասկածից վեր է, որ ադրբեջանցիներն էլ այդ ականապատումն արել են, երևի հիմա մի զգալի մասով նույնիսկ իրենք էլ չեն կորցրել ու երևի հնարավոր էլ չէր տենց ստույգ ֆիքսել, թե որտեղ են ականապատել, որովհետև լցրել են երևի թե անհաշիվ ականներ», - ասաց Հակոբ Բադալյանը:

Մինչ նոր տեղեկամատյանների ի հայտ գալը, Երևանը պարբերաբար պնդել է, որ լավ որակի քարտեզներ պարզապես չկան, սակայն Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է դրանց փնտրտուքը, երբ հաճախակիացել են ականի պայթյունից ադրբեջանցիների տուժելու դեպքերը: Այս նոր քարտեզներն էլ, ըստ ԱԱԾ-ի, գտնվել են արցախցի զինծառայողների փոխանցած տվյալների արդյունքում:

XS
SM
MD
LG