Մատչելիության հղումներ

ՔՊ-ական պատգամավոր, նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը վաղաժամկետ ազատ է արձակվել


Արա Մխիթարյանի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը, Գյումրի, մարտ, 2020թ.
Արա Մխիթարյանի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը, Գյումրի, մարտ, 2020թ.

Երեկ դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ իշխանական պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը, որ բանտում էր հայտնվել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծանր վնասվածք պատճառելու հոդվածով։ Փոխգնդապետը ծեծից հետո 4 տարի մնաց կոմայում և մահացավ 6 ամիս առաջ:

«Հարություն Գրիգորյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց», - «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Լևոն Սահակյանը:

Գրիգորյանի փաստաբանը շեշտում է՝ 5 տարվա պատժից իր պաշտպանյալը 7 ամիս ու 12 օր շուտ ազատ արձակվեց, հիմա նա կլինի փորձաշրջանում։

Կոմայից այդպես էլ դուրս չեկած փոխգնդապետի ընտանիքում ցնցված են, մտածում էին՝ 5 տարին կերկարաձգվի, այնինչ՝ կրճատվեց:

«Սևանի բերդում ինքը իրան վռոդե (իբր) լավ է պահե: Սաղն էլ ծախված են՝ դատավորով, բանով, նրան Տրդատիկը կպահե», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

Ի սկզբանե փոխգնդապետի ընտանիքը պնդում էր՝ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն ինքը դեպքի վայրում է եղել, ապա՝ հովանավորել իր օգնականին։ Բայց քննությունը հակառակն էր ապացուցել։ Սարգսյանը ևս հերքել էր իր մասնակցությունն այդ վեճին, այնուամենայնիվ հրաժարական ներկայացրել մարզպետի պաշտոնից:

«Ով որ իմ էրեխիս հասցրել է էս դուռը՝ պտի բոլորը նստած էղնին, բոլորը պտի պատասխան տան՝ անկախ ամեն ինչից՝ ունեն ծանոթ, ունեն բարեկամ, ով է թիկունքները, անկախ ամեն ինչից, բոլորը պտի պատասխան տան», - ասել էր Արա Մխիթարյանի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը:

«Ես եղել եմ տանը, և մեր շենքի, բակի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես եմ ես մեքենան կայանում», - պնդել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Այժմ գործի վերաբացման ցանկություն ունեն փոխգնդապետի ընտանիքը և նրան ծեծած, դատապարտված ու ազատ արձակված Հարություն Գրիգորյանի փաստաբանը՝ բնականաբար տարբեր են նպատակները:

«Թազա ինքը պիտի նստի, պատասխան պիտի տա: Ինչ որ էղել էր՝ դեպքից էր էղել, օրգանիզմը էլ չէր աշխատում եղբորս, դրանից հետո սրտի կանգ է էղե իրա մոտ», - ասաց Կարեն Մխիթարյանը:

Նա պնդում է՝ եղբոր մահից հետո ծեծողի ազատազրկման ժամկետը պիտի երկարաձգվեր՝ մահվան պատճառն այդ ծեծն էր։ Իրավապահները, դատաբժշկական փորձաքննությունները, սակայն, առայժմ այս հարցի պատասխանը չեն տվել՝ ծեծից հետո կոմայի մեջ ընկած փոխգնդապետն արդյոք մահացավ այդ ծեծի հետևանքով։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն փորձագետի եզրակացությունը այս պահին չկա», - ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանը:

Մարզպետի օգնականի փաստաբանը գործի վերաբացման ակնկալիք ունի ոչ այն պատճառով, որ փոխգնդապետի մահը վերագրվի իր պաշտպանյալին. - «Անելու ենք ամեն ինչ մեր մասով, որպեսզի վերաբացվի, որովհետև մենք կարծում ենք, որ պետք է վերջնական արդյունքում արձանագրվի այն հանգամանքը, որ Հարություն Գրիգորյանը գործել է միայնակ»:

Փաստաբանը պնդում է՝ Արա Մխիթարյանին միայն Հարություն Գրիգորյանն է խփել, իսկ փոխգնդապետի զինվորական ընկերները պատմում էին, որ այլ հարվածողներ էլ են եղել։ Այս գործում սկզբում մարզպետի օգնականից բացի օգնականի եղբայրն էլ էր մեղադրյալ, հետո արդարացվեց, իսկ զինվորական ընկերներն այժմ մեղադրվում են սուտ մատնության համար։

Ընտանիքում չեն հավատում, որ Արա Մխիթարյանը կոմայի մեջ ընկավ Գրիգորյանի մեկ հարվածով: «Ո՞նց կարա մի բռունցքի հարվածով 120-կիլոյանոց տղուն քցեն վար, ընկերները գիտեն», - ասել էր Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը: «Ու գանգը փշրվի», - հավելել էին:

Մարզպետի օգնականի փաստաբանը մի ուշագրավ պնդում ունի՝ եթե չկալանավորվեր, անազատության մեջ չլիներ իր պաշտպանյալը, գուցե փոխգնդապետը ողջ մնար. - «Խնդրել ենք, որպեսզի Հարություն Գրիգորյանը հայտնվի ազատության մեջ և փորձի որևէ կերպ աջակցել, որպեսզի Արա Մխիթարյանի առողջությունը լավանա: Այսինքն՝ Հարություն Գրիգորյանը, գտնվելով անազատության մեջ, չէր կարողանում որևէ աջակցություն ցուցաբերել Արա Մխիթարյանին»:

Հարություն Գրիգորյանը բժիշկ չէ, բայց, ըստ փաստաբանի, իր ու իր շրջապատի փողերը կարող էր ներգրավել: Փող առաջարկել են՝ ընտանիքը մերժել է։

«Այդ փողը կաշառք է, տանեիք բուժեիք», - ասում է մահացածի եղբայրը: «Ես իր հորը ըսել եմ՝ «գումար ունիս, բժիշկ բեր, ախպերոջս բուժե, դու էլ, քու ընտանիքդ էլ, եղբորս բուժեք տվեք ընձի՝ խնդիր չկա»: Իսկ իրանք՝ ոչ մի բժիշկ բերել, ոչ մի հետաքրքրվել, մենակ գումար էին առաջարկում՝ որպես կաշառք», - ընդգծեց Կարեն Մխիթարյանը:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը 27 տարվա զինվորական էր, Եղեգնաձորի զորամասում էր ծառայում։ 14 տարեկան որդի ունի։

XS
SM
MD
LG