Մատչելիության հղումներ

Այս տարի Հայաստանը կունենա գնումների մասին նոր օրենք


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, արխիվ
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, արխիվ

2024 թվականին Հայաստանը կունենա գնումների մասին նոր օրենք:

«Եվ առաջիկայում մենք լայն խորհրդակցությունների շրջանակ կբացենք՝ ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսվարողների հետ, որպեսզի նախանշենք էն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում են իրականացնել նոր օրենքով», - այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով. - «Մենք խոսում ենք նոր օրենքի մասին, ոչ թե օրենքում փոփոխություններ կատարելու մասին»:

Հովհաննիսյանն այս նախաձեռնության մասին տեղեկացրեց, երբ վարչապետը դժգոհեց՝ գնումների մասին օրենսդրությունը բարելավելուց շարունակ խոսվում է, բայց գործընթացում փոփոխություն չկա ու չկա։ Իսկ ո՞րն է գնումների ոլորտում եղած խնդիրների պատճառը։ Համենայն դեպս ըստ նախարարի՝ օրենքն է հնացած։

«Իրականությունը, որում մենք հիմա գտնվում ենք, և էն իրականությունը, որում գրվել ա էդ օրենքը, արդեն բավականին բան ա փոխվել՝ և ծավալների իմաստով՝ գնումների ծավալների, և կարծում ենք, որ աստեղ նոր բան անելու կարիք կա, այստեղ ֆունդամենտալ քայլեր ենք իրականացնելու», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Թե ինչ ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում, այլ մանրամասներ այսօր չհայտնեցին։ «Ազատություն»-ը կապվեց նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ, նրանք ևս առայժմ գաղափար չունեն, թե ինչ տեսլական ունի Ֆինանսների նախարարությունը գնումների օրենքը փոխելու հարցում։

Մինչ այդ, վարչապետը նկատում է՝ շատ կայացած ու լուրջ ընկերություններ չեն էլ ցանկանում մասնակցել Կառավարության մրցույթներին՝ ասելով, թե «փողը տալիս եք, հետո փետն առնում ընկնում մեր հետևից»։

«Երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում և համակարգը լրացուցիչ նաև լարում ենք, որովհետև մարդիկ ասում են՝ «լավ, էկանք ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀՔԾ-ն գալու ա, մամուլում գրելու են՝ էս մեկը էս մեկի հետ ա ատկատ, էն մեկը... մենք գործ չունենք, գնացեք, մենք մեզ համար թողեք... ինչը մեզ համար պրոբլեմ ա», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գնումների մասին օրենքի երեք տարբերակ Հայաստանն արդեն ունեցել է, կարելի է ընդունել չորրորդը, բայց փոխելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ արդյոք արդեն գրված օրենքը լիարժեք գործո՞ւմ է, հարց է բարձրացնում ավելի քան 15 տարի գնումների գործընթացին հետևող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Օրինակ, Հայաստանում ընդհանուր գնումների թվում գերակշռում են մեկ անձից գնումները, ոչ թե մրցութային ընթացակարգերը:

«Նախ՝ մրցույթները քիչ տոկոս են կազմում, դա առաջին խնդիրն է, պետք է հասկանալ՝ ինչու է քիչ տոկոս: Երկրորդ խնդիրը՝ նույնիսկ երբ որ այդ քիչ տոկոսը նայում ենք, տեսնում ենք, որ մասնակցությունը բավականին ցածր է՝ երկուսի էլ չի հասնում միջին մասնակցությունը: Իհարկե, կան, որ շատ են մասնակցում, բայց հիմնականում նաև այդ քիչ թվով հայտ ներկայացրած ընկերություններն են», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հոկտանյանը:

Եթե թեմայի շուրջ Կառավարությունը հրավիրի հանրային լսումներ, նախ պետք է հարցնել, թե ինչն է վատ աշխատում գործող օրենքում, և որտեղ է այսպես ասած ախտորոշումը, նկատում է փորձագետը. - «Վերջ ի վերջո, եթե մենք ուզում ենք նորմալ պետություն դառնանք, պետք է այդ անիծյալ policy բառը՝ public policy բառը կյանքի կոչել, իսկ դա նշանակում է վերլուծել, գնահատել: Վերջ ի վերջո, քաղաքականության, այդ policy ցիկլի ամենակարևոր էտապը դա եղածի վերլուծությունն է. մինչև չվերլուծվի, չհասկացվի ինչ խնդիրներ կան, մինչև դա չարվի, նոր ինչ-որ օրենք, նոր քաղաքականություն մշակելը անիմաստ բան եմ համարում»:

Ընդ որում, ըստ Հոկտանյանի, խնդիրների կծիկը պետք է բացել վերջին ծայրից։ Հարկատուների միջոցներով Կառավարությունը ստացել անորակ ծառայություն, պետք է այդ կետից հետ գնալ՝ վերլուծելով ճանապարհի բոլոր քայլերը՝ չբացառելով կոռուպցիոն գործարքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG