Զինա Բարաբանովայի ընտանիքն արդեն 18 տարի է՝ տնակում է ապրում։ Հարմարություններ ստեղծել են, հարմարվել են, բայց տնակն ապամոնտաժման ենթակա է, քաղաքապետարանից արդեն երկրորդ ծանուցումն են ստացել, որ պետք է քանդեն։
49-ամյա կինը նամակը ստացել ու իրար է խառնվել՝ ի՞նչ անեն, ո՞ւր գնան այս ցրտին։ Տնակի ապամոնտաժումից հետո ընտանիքին փոխհատուցում չի տրամադրվելու։
«Հիմա որ երկրի մեջ կա այսպիսի բան, որ մարդուն հանես փողոց, տան դուռը փակես, դատարկ թողնես, բայց չես թողնում ինքն ապրի: Եթե պետությունը 35 տարվա մեջ չի կարողացել այս հարցը լուծել, ես մեկ ամսվա մեջ ինչպե՞ս լուծեմ», - ասաց Բարաբանովան:
Տիկին Զինայի ամուսնու ընտանիքը 88-ի երկրաշարժից հետո բնակարան ստացել է, սակայն 90-ականներին վաճառել ու այս տնակն են գնել։ Հենց այդ պատճառով էլ նրանց փոխհատուցում չի տրամադրվի։
«Ամուսինս 14 տարեկան է եղել, որ սկեսրայրս վաճառել է տունը, բայց իմմաուսինն անչափահաս է եղել, անձամբ ես ու ամուսինս տուն չենք վաճառել», - նշեց Զինան:
Գյումրիում տնակների ապամոնտաժման գործընթացն անցած գարնանը մեկնարկեց, բայց դանդաղ, հետո ընդհանրապես դադարեց։ Բնակիչները ինքնակամ շուրջ 50 տնակ են ապամոնտաժել, այնինչ, քաղաքապետարանը հայտարարում էր, թե 800-ից ավելին պետք է քանդվեին, ընդ որում՝ առաջնահերթ՝ փակ, չբնակեցված տնակները և նրանք, որտեղ ապրում են նախկինում պետությունից փոխհատուցում ստացած, բայց ինչ-ինչ պատճառներով տնակ վերադարձած ընտանիքները։ Քաղաքային իշխանությունը նման 200 ընտանիքի դեկտեմբերին կրկնակի ծանուցում է ուղարկել։
Տնակների ապամոնտաժման հարցը ամիսների դադարից հետո կրկին օրակարգ մտավ Գյումրիի ավագանիում իշխող «Բալասանյան» դաշինքի ու «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիայի փլուզումից հետո։ Անշարժ գույքի բաժնի պետի պաշտոնը ՔՊ-ինն էր, դրանից ևս հրաժարվեցին։ Բաժնի պետի պարտականությունները կատարող Մկրտիչ Դավթյանը հրաժարվեց բացատրել, թե ինչու են ձմռանը որոշել վերսկսել գործընթացը։ Եթե տնակում բնակվողը գնալու տեղ չունի, ինչպե՞ս է կարգավորվելու այս հարցը։
«Կառավարության համապատասխան որոշմամբ իրենք արդեն իսկ փոխհատուցված եղել են, որ մենք համապատասխան ծանուցումները ծանուցել ենք իրենց: Այսինքն, համայնքն ու պետությունը կրկնակի չի կարող փոխհատուցել փոխհատուցում ստացած անձանց», - ասաց Դավթյանը:
Եթե ընտանիքը 90-ականներին է օտարել բնակարանը ու տնակում հայտնվել, այս դեպքում պետությունը որպես փոխհատուցում մեկ տարվա վարձի գումարն է տալիս։
«Եթե համապատասխան մարմնից, այսինքն, Կադաստրի կոմիտեից բերում են համապատասխան տեղեկանքը, որ ստացած բնակարանն օտարել են, իրենց կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվում է մեկ տարի 60 հազարական դրամ վարձ», - նշեց Մկրտիչ Դավթյանը:
Դրանից հետո արդեն բնակիչը պետք է իր գլխի ճարը տեսնի։ Զինա Բարաբանովան ասում է՝ ինքնուրույն չեն կարող, ամուսինը շինարար է, ինքն էլ ձեռագործ իրեր է պատրաստում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Իսկ ամսական 60 հազար դրամի վարձի փոխհատուցման մասին ընդհանրապես տեղյակ չեն եղել, նույնիսկ տեղեկանք չեն հասցրել վերցնել կադաստրից, որ այդ հնարավորությունից օգտվեն։
Այդուհանդերձ, կան ընտանիքներ, որոնք փոխհատուցում կստանան, կառավարությունը նախատեսում է ծրագիրն այս տարի սկսել։ Բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի։ Այս դեպքում խոսքը մոտ 1500 ընտանիքի մասին է:
Վկայագիրը սովորաբար տրամադրվում է անշարժ գույքի ոչ թե շուկայական, այլ կադասատրային արժեքով, ու տնակում ապրող անօթևանը այդ գումարով դժվար կարողանա գույք ձեռք բերել։ Պետք է գումար ավելացնեն։
Կլինի պետական բնակարանաշինություն, թե՝ ոչ, դեռ պարզ չէ։
Գյումրիի բնակֆոնդը, ըստ տեղի պաշտոնյաների, բնակարանի վկայագրերի տրամադրման դեպքում չի հերիքի։ Կառավարությունը խոստացել է մինչև 2027 թվականը երբեմնի աղետի գոտին ազատել տնակներից։