Մատչելիության հղումներ

15 տարի առաջ շահագործման հանձնված շենքի բնակիչները չեն կարողանում օգտվել իրենց գնած ավտոկայանատեղերից


Տիգրան Ազիբեկյանն ու հարևանները դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներից են դիմում քաղաքապետարան՝ պահանջելով ապամոնտաժել իրենց շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի միակ մուտքը փակած երկաթյա ավտոտնակները։

«Շենքի տակ գոյություն ունի ավտոկայանատեղի` կադաստրի վկայականով գրանցված ավտոկայանատեղի, բայց մարդիկ չեն կարողանում օգտվել, որովհետև ավտոտնակները, որոնք, մեր պարզածով, լրիվ ապօրինի են, տեղադրված են հենց մուտքի մոտ», - ասում է Ազիբեկյանը։ - «Մենք գրում ենք քաղաքապետարան, իրանք իհարկե ասում են՝ «այո, կգանք, կնայենք, կուսումնասիրենք էս ամենը»։ Որպես հետևանք՝ զրո, մինչև այժմ ոչ մի բան չի արվել՝ տարբեր պատճառաբանությամբ։ Չեն հերքում, որ այո, իրենք պարտավոր են վերացնել բոլոր խոչընդոտները, չեն ասում ոչ, բայց ոչ մի բան չեն էլ անում»։

«Քաղաքապետարանը չի հայտնաբերել տնակների սեփականատերերին», - քաղաքային իշխանության տարբեր պաշտոնյաներից տարբեր տարիների այս պատասխանն են ստացել բնակիչները։

Վերջին պատասխանը վերջերս պաշտոնը լքած նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ստորագրությամբ էր։ Ըստ այդմ՝ վարչական վարույթ հարուցելու բնակիչների պահանջը մերժվել է, որովհետև կրկին հնարավոր չի եղել հայտնաբերել դրանց սեփականատերերին։

Այս պատասխաններից հուսահատված բնակիչները դատարան են դիմել, հայցը վարույթ ընդունվել է։ Բնակիչները տարակուսած են՝ տարածքը համայնքինն է, մի՞թե դժվար է այս փոքրիկ երկրում գտնել 4 ավտոտնակի սեփականատերերին, հատկապես, երբ դրանցից մի քանիսն այս պահին էլ շահագործվում են, վարձակալներ ունեն. - «Սա քաղաքապետարանի տարածքն ա համարվում, հանրային տարածք ա համարվում, իրենք պետք է գան, մեր հարցը լուծեն»։

Շենքը շահագործման է հանձնվել 2008 թվականից, ամբողջությամբ բնակեցվել տարիների ընթացքում։ Սարյան-Պուշկին խաչմերուկի շենքերի բակում վեր խոյացող այս բարձրահարկը երկու մուտք ունի՝ շուրջ 100 բնակարան։ Շենքի ստորգետնյա ավոտկայանատեղին նախատեսված է մոտ 30 մեքենայի համար։ Մարդիկ բնակարանի հետ նաև կայանատեղիում իրենց տարածքն են գնել, գույքահարկ են վճարում, բայց չեն կարողանում օգտվել։

Բակն էլ խիստ ծանրաբեռնված է, բակի շենքերի առաջին հարկերում ռեստորաններ ու սրճարաններ են գործում, մթերք մատակարարող մեքենաների ելումուտն այնքան շատ է, որ բնակիչներն իրենց մեքենաները չեն կարողանում անգամ բակում կանգնեցնել՝ տեղ չկա, ստիպված հարակից տարածքների կարմիր գծերի վրա են մեքենաները կայանում՝ վճարելով նաև դրանց համար։

Բնակիչներն այս տարիներին քաղաքապետարան ուղարկված իրենց նամակներից մեկը՝ առավել ամփոփ տարբերակը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին են հասցեագրել։ Ասում են՝ ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը ստիպում, որ ավտոտնակի հարցով անգամ մարդիկ վարչապետին դիմեն։ Չնայած այդ դեպքում էլ պատասխան չեն ստացել։

Քաղաքապետարանից «Ազատությանը» երեկ չհայտնեցին, թե այս խնդրով ի՞նչ որոշում է կայացվել։ Երկու երկաթյա ավտոտնակ էլ շենքի մուտքի առջև է տեղադրված։ Բնակիչներն ասում են՝ եթե դատարանը բավարարի իրենց պահանջն ու դրանք ապամոնտաժվեն, երեխաների համար փոքրիկ խաղահրապարակ կկառուցեն։ Հարևաններով գումարն արդեն հավաքել են՝ հույսը կտրելով Երևանի քաղաքապետարանից։

15 տարի առաջ շահագործման հանձնված շենքի բնակիչները չեն կարողանում օգտվել իրենց գնած ավտոկայանատեղերից
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG