Մատչելիության հղումներ

Գյումրիում սկսվել է տնակների ապամոնտաժումը


Գյումրիի համայնքապետարանն այսօրվանից սկսեց ապամոնտաժել այն տնակները, որոնց բնակիչները ժամանակին փոխհատուցում ստացել են, բայց ժամանակավոր կացարանները չեն քանդել։

«Տեքստիլ» թաղամասի 220 տարածքի 022 տնակը առաջինն էր։ Տնակը վաղուց բնակեցված չէր, տերը, ըստ քաղաքապետարանի, մահացած է։ Ազգականներին են ծանուցել, որ մինչև ապրիլի 14-ը տնակը պետք է ինքնակամ ապամոնտաժեին։ Բայց քանի որ չեն արել, համայնքապետարանն է այդ գործը ստանձնել։

Ողջ Հայաստանում 6000, իսկ Գյումրիում շուրջ 2600 տնակ է հաշվառված։ Քաղաքապետարանի անշարժ գույքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանն ասում է, թե բնակիչներն այլևս ապամոնտաժման հարցում մանևրելու տեղ չունեն. - «Չի կարող լինել, որ քաղաքացին փորձի թեկուզ ամուսնալուծություն ձևակերպի, փորձի գրանցումների տեղաշարժ անել։ Այդ ամենը ընդհանուր բազայում երևալու է, և ինքն իրեն ավելի շատ վնաս կտա տվյալ մանևրումներով»։

Հարցին, թե հաշվառված 2600 տնակներից առաջիկա ամիսներին քանի՞սն է ապամոնտաժվելու, Գրիգորյանը պատասխանեց. - «800 և ավելը ներկա պահին ապամոնտաժման ենթակա է, շուրջ 1500 և ավելը փոխհատուցման ենթակա է»։

Էմմա Խաչատրյան
Էմմա Խաչատրյան

Տնակային ավաններից մեկում բնակվող Էմմա Խաչատրյանի ընտանիքն արդեն ծանուցումը ստացել է։ Տիկին Էմման պատմում է, որ 88-ի դեկտեմբերին պետք է բնակարան ստանային, բայց չհասցրին։ Հայրական տան գրանցումն էլ խանգարել է, որ այս ընտանիքը անօթևան ճանաչվի, քանի որ շենքը ամրացվել է ու բնակիչներին բաժանվել։ Ասում է՝ համարեցին, որ փոխհատուցում ստացել ենք. - «Հիմի կըսեն դոմիկից պիտի դուրս գաս։ Ի՞նչ էնեմ...»

34 տարի տնակում ապրող ընտանիքը ժամանակին ամեն դուռ թակել է, որ որևէ կարգավիճակ ստանա, բայց հորդորել են սպասել. - «Երկրաշարժից հետո որ դիմել եմ, ըսել են՝ դուք չեք կորցրել, չեք ստանա բնականաբար, մինչև բոլորը չապահովվին, դուք չեք ստանա։ Ու ըդպես էլ էդ պոչը չերևաց, թե երբ պըտի ապահովվին բոլորը»։

Այս ընտանիքը այն 800-ից մեկն է, որ փոխհատուցում չի ստանա։ Դիմել են քաղաքային իշխանություններին, որ գոնե քարաշեն հատվածը սեփականաշնորհեն, որպեսզի դրսում չհայտնվեն։ Վարչապետին էլ են նամակ գրել. - «Կուզենք գոհե ստեղ ապրենք, գոնե ստեղից դուրս չէնեն» Վերջապես մարդ կկասկածե, մենք մե՞ր երկրում ենք, թե՞ երրորդ սորտի, երկրորդ սորտի մարդ ենք... Ո՞վ ենք մենք»։

Գևորգ Գրիգորյան
Գևորգ Գրիգորյան

Իսկ ժանամակավոր կացարանը եթե համապատասխանում է քաղաքաշինական նորմերին, սեփականաշնորհվում է։ Գրիգորյանն ասում է, որ մոտ 400 այդպիսի կացարան կա, որտեղ քարաշեն հատվածներ կան։ Դրանք վճարի դիմաց կարող են սեփականաշնորհվել. - «Էդ ամբողջ գույքը հողի հետ միասին դառնում է համայնքային և վաճառվում է տվյալ տնակատիրոջը, ով որ հիմնավորում է, որ այո, ես շուրջ 20-30 տարի տվյալ տարածքը տիրապետել եմ, օգտագործել եմ, խնդրում եմ ուղիղ վաճառքով տրամադրել ինձ։ Այն տնակները, որոնք չեն կարող հիմնավորել, կարող են նաև աճուրդային կարգով ձեռք բերել»։

Տնակներում ապրող ու փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթը հասնելուն դեռ ժամանակ կա։ Պետությունը նրանց մի քանի տարբերակ է առաջարկելու. - «Երբ որ պետությունը սկսի փուլային լուծումներ արդեն առաջարկել, և քաղաքացին ընտրի ինքը ԲԳՎ-ի՞ց կօգտվի, թե՞ սոցիալական բնակարանի տարբերակից, էդ ժամանակ կհավաքենք տվյալ ընտանիքի գույքային պատմությունը՝ ձեռք բերում, օտարում, Հայաստանում գույքեր ունի, Հայաստանի քաղաքացի է թե չէ...»

Ի դեպ, եթե տնակի տերը երկքաղաքացիություն ունի, փոխհատուցում չի ստանա. - «Եթե փոխել է քաղաքացիությունը և հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից և հետ է եկել, երկքաղաքացիություն է ստացել, տվյալ ընտանիքները 1601 որոշումից դուրս են մնում։ Այսինքն՝ ինքը այլևս Հայաստանի քաղաքացի չի համարվի։ Թեկուզ պետությունը իրեն նկատմամբ պարտք ունի, այլևս պարտքը կհամարվի մարված»։

Համայնքները պարտավոր են կես տարին մեկ կառավարությանը հաշվետվություն ներկայացրել, թե քանի տնակ են ապամոնտաժել։ Իշխանություններն առայժմ չեն հստակեցնում, թե որքան գումար կպահանջվի փոխհատուցման համար։

Կառավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG