Նա ասում է, որ մի խումբ երաժշտագետներ են իրեն դիմել՝ հարցը քննարկման առարկա դարձնել, հանրության տրամադրությունները շոշափել:
Մինչդեռ տրամադրություններն այս թեմայով շոշափված են դեռևս հեռավոր 90-ականներից, իսկ քննարկումներն հանգուցալուծվել անկախ Հայաստանի օրհներգի օգտին:
«Այսօրվա օրհներգը, ըստ իս, այլևս այդքան էլ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ: Որովհետև չի համապատասխանում օրհներգի կանոններին», - փաստարկում է խորհրդարանի փոխխոսնակը:
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով, օրհներգը պետական խորհրդանիշ է և այն այդպիսին դարձնում է ժողովուրդը՝ իր կերտած հաղթանակներով ու պատմությամբ, և պետական խորհրդանիշը չի կարող փոխվել ինչ-որ մեկի ճաշակով կամ սահմանած նոր չափորոշիչներով․ - «Պատմությունն է որոշողը: Օրինակ, մեր հիմնի մասով․ «Մեր հայրենիքը» էն երգն է՝ անկախ իր երաժշտական, բանաստեղծական որակներից, որը երգելով մարդիկ գնացել են Սարդարապատի ճակատամարտ: Դրա համար է ինքը հիմն: Ոչ թե որովհետև ինքը աշխարհի լավագույն երգն է, աշխարհի լավագույն բառերը, այլ որովհետև դա պատմություն է: Այդ երգը երգելով մարդիկ անկախություն են ստեղծել, պայքարել են, կռվել են»:
Օրհներգը պետք է պատմություն ունենա․ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին հենց այս բանաձևն է խանգարել ժամանակին իր հեղինակած մեղեդին ներկայացնել օրհներգի մրցութային հանձնաժողովին․ - «Մենք բոլորս էլ հասկանում ենք օրհներգի նշանակությունը և իմաստը, ազգի համար ինչ ինքը կարող է անել: Բաներ կան, որոնք անշուշտ, գնում են դեպի տիեզերք և վերադառնում է: Պատասխանը մենք ստանում ենք․․․ Չես իմանում դա ինչ է: Ես կարծում եմ, որ օրհներգից շատ բան է կախված»:
Հետհեղափոխական Հայաստանում էլ, ինչպես տարիներ առաջ, օրհներգը փոխելու խնդիրը դրվում է նույն շեշտադրմամբ՝ վերադառնալ Խորհրդային Հայաստանում հնչած Արամ Խաչատրյանի մեղեդուն: Ռուսաստանում էլ վերադարձել են խորհրդային տարբերակին:
«Հայաստանում նույնի կրկնությունը աշխարհաքաղաքական տիրույթում պետք է դիտարկել», - ասում է Տեր-Աբրահամյանը՝ հավելելով, որ պատճառաբանությունները, թե մեղեդին վատն է, բառերը՝ ոչ ոգեղեն, համոզիչ փաստարկներ չեն․ - «Որտեղի՞ց են այս հարցի ակունքները: Ուրեմն կար մի հատ քաղքենիական զանգված դեռ 80-90-ական թվականներին, որի համար անկախության համար պայքարը, ընդհանրապես անկախ պետություն և այլն, անհասկանալի, անընդունելի գաղափարներ էին: Էդ զանգվածի մեջ ծնվեց պետական մեր սիմվոլների նկատմամբ քամահրական վերաբերմունքը, որը հետո տարածվեց ավելի լայն մասսաների մեջ: Դրա համար էլ էս հարցը ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը փորձել է բարձրացնել: Բայց ակունքները այդտեղ են»:
Սաթյանի խոսքով՝ չպետք է անտեսել օրհներգի փիլիսոփայությունը, այն իր հետքն է թողնում պետության վրա: Կոմպոզիտորը պետական խորհրդանիշը փոխելու գաղափարին դեմ չէ՝ մասնագիտական նկատառումներից ելնելով և ոչ միայն:
«Խորհրդային Հայաստանը վերելք էր ապրում, իսկ հիմա՞․․․» - ափսոսանքով հիշում է կոմպոզիտորը:
1980-ին ծնված Սիմոնյանը քննադատներին հակադարձում է․ - «Արամ Խաչատրյանի օրհներգի ներքո ես եմ ծնվել, պետք չէ քանդել անցյալը»: Բայց միաժամանակ, նա առաջարկում ՝ հրաժարվել իր բնութագրմամբ հնից՝ անկախության խորհրդանիշ դարձած հիմնից․ - «Տենց մենք պետք ա որևէ բանից եբևիցե չհրաժարվե՞նք, չփոխե՞նք: Դարեր են անցնում, ժամանակ է փոխվում: Եվ Արամ Խաչատրյանի պարագայում, եթե երաժշտությունը հավերժ է և ժամանակ չի ճանաչում, այս երաժշտության պարագայում այդ երաժշտությունը․․․ բալկանյան երաժշտություն ա»:
Օրհներգի հարցը կհայտնվի խորհրդրանական օրակարգում, թե չէ, դեռ չի ուրվագծվում: Այս առաջարկին ընդդիմացողներ կան նաև Ալեն Սիմոնյանի թիմում՝ «Իմ քայլը» դաշինքում: Կարծիքները դեռ հրապարակային չեն, քանի որ թեմայի շրջանառումը Ալեն Սիմոնյանի անձնական նախաձեռնությունն է, խորհրդարանից դուրս, ինչպես՝ տարիներ շարունակ: Միայն 2006 թվականին է Միքայել Նալբանդյանի խոսքերով և Բարսեղ Կանաչյանի մշակած մեղեդիով օրհներգի փոփոխությանն ուղղված քայլերը գործնական փուլ մտել:
Անդրանիկ Մարգարյանի վարչապետության և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք ստեղծվել է մրցութային հանձնաժողով: Տիգրան Մանսուրյանի հեղինակած «Ես իմ անուշ Հայաստանին» էլ է ներկայացվել, բարձր գնահատականի արժանացել, սակայն հանձնաժողովը գրեթե միաձայն տասնյակ տարբերակներից կողմ է քվեարկել Խորհրդային Հայաստանում հնչած Արամ Խաչատրյանի օրհներգի օգտին: Անկախ Հայաստանում այն պետական խորհրդանիշ դարձնելու ջանքերը կիսատ են մնացել: Այդ մեղեդու համար տեքստ ընտրելու տևական ու ծանր քննարկումներն անպտուղ ավարտվել: Խաչատրյանի մեղեդու համար բառեր այդպես էլ չեն գտնվել:
Ալեն Սիմոնյանը չի թաքցնում օրհներգը փոխելու հարցը շրջանառության մեջ դնելու խնդրանքով իրեն դիմողների թվում նաև նախկին հանձնաժողովի անդամներից կան: