Մատչելիության հղումներ

Ստեփանավանի նախկին քաղաքապետը հանցավոր կերպով հողամասեր է օտարել, փողերի լվացում իրականացրել. ՔԿ


Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական վարույթը հասել է դատարան։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ 2002-2012 թվականներին՝ 10 տարի Ստեփանավանը ղեկավարած Ղարաքեշիշյանը մեղադրվում է լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, փողերի լվացման և կեղծիք կատարելու մեջ։

Նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել երկու տարի առաջ։ Նրան անգամ կալանավորել էին ու կարճ ժամանակ անց ազատ արձակել։

Իրավապահներն այսօր հաղորդում են, որ տարիներով «հանցավոր մեխանիզմով, մի քանի այլ անձանց, այդ թվում՝ քաղաքապետի 2 որդիների, մորաքրոջ որդու, մտերիմների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետը համայնքապատկան, օտարման ոչ ենթակա 13 հողատարածքներ է օտարել ու սեփականացրել»։

«10 տարի Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Սարգիս Ղարաքեշիշյանը պաշտոնեական կեղծիք կատարելով, հիմնականում որպես կանաչ գոտի և ճանապարհ հանդիսացող հողամասերը, օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին»

Ղարաքեշիշյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, հետագայում, երբ համայնքն արդեն ղեկավարում էր իր եղբայրը, ձևական առուվաճառքի միջոցով դրանք փոխանցել է իր որդիներին ու այլ հարազատների, այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում», - ասված է Քննչականի հաղորդագրության մեջ։

Սարգիս Ղարաքեշիշյանի 10 տարվա պաշտոնավարումից հետո 8 տարի էլ քաղաքը ղեկավարել է նրա հարազատ եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը, որ 2020-ին մահացավ քովիդից։ Մինչ մահը նմանատիպ չարաշահումներով 8 քրեական գործ էլ նրա դեմ էր հարուցված։ Կենդանության օրոք իրավապահները պնդում էին, թե նա ձևական աճուրդներով ու կեղծիքներով որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր։ Մինչդեռ քաղաքապետ եղած ժամանակ հակադարձում էր. «Եթե ես էդ քաղաքի քաղաքապետն եմ, իմ ոչ ոչ մի ընկեր, ոչ մի բարեկամ ոչ մի տեղ իրավունք չունի՞ աշխատի կամ մի կտոր հող ձեռք բերի՞, սաղ պտի քոչե՞ն էդ տարածքից»։

Հանգուցյալ Ղարաքեշիշյանի նկառմամբ քրեական վարույթներն այդպես էլ ավարտ չունեցան։ Նրա մահվանից ուղիղ մեկ տարի անց արդեն քրեական վարույթներն ուղղվեցին եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ, որ ավելի վաղ էր պաշտոնավարել։ Այսօր հնարավոր չեղավ կապ հաստատել նրա կամ նրա փաստաբանների հետ։

Արդեն չորս տարի դատարանի առաջ է կանգնած նաև հանգուցյալ Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ Նա ևս քաղաքում բարձր պաշտոն է զբաղեցրել՝ 5 տարի՝ մինչև 2018 թվականը Ստեփանավանի սոցիալական ծառայության ղեկավարն էր, որ իրեն էր անցել քաղաքապետ դարձած հորից։ Իրենից առաջ ավելի քան 10 տարի հայրն էր զբաղեցրել այդ պաշտոնը։ Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, պաշտոնանկ արվեց ու մեղադրվեց ավելի քան կես միլիարդ դրամ հափշտակելու, կոռուպցիոն սխեմա գլխավորելու համար։

Ըստ մեղադրանքի՝ կրտսեր Ղարաքեշիշյանը սոցիալական ծառայության պետի պաշտոնում «կոռուպցիոն սխեմայով կեղծ նպաստառուներ էր ձևակերպել» ու նրանց համար պետությունից ավելի քան կես միլիարդ դրամ ստացել։ Նրա պաշտպանները դատաքննության ընթացքում չէին հերքում հանցանքը, բայց փորձում էին ապացուցել, որ այն ոչ թե դիտավորությամբ, այլ անզգուշությամբ է կատարել։

Դատական գործն այդպես էլ չի ավարտվում, այս տարեսկզբին փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Մինչ այդ նպաստառուների գումարները հափշտակելու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան մասնակի հատուցել է պետությանը հասցված վնասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG