Ընտրական փորձագետների կարծիքով՝ Գյումրիի ավագանիում ընտրություններից երկու տարի անց տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել։
«Բալասանյան դաշինք»-«Քաղաքացիական պայմանագիր» կոլիցիոն հուշագրի խզումից շաբաթներ անց ընդդիմադիր «Զարթոնք»-ի ղեկավար Վարդևան Հակոբյանը դուրս եկավ խմբակցությունից։
Թեև նա հայտարարում է, որ քաղաքական ենթատեքստ չկա ավագանու անկախ անդամ դառնալու իր որոշման մեջ, բայց փորձագետները շեշտում են՝ ավագանին քաղաքական կառույց է։
«Գյումրիի ավագանու կազմում այս տարբերակով երկուստեք ավելի ազատ կլինի գործելաոճը և աշխատանքի արդյունավետությունը: Որպես ավագանու անդամ իմ աշխատանքային գործունեության ձևը և մոտեցումը մնում են անփոփոխ, իսկ համագործակցությունը քաղաքական իմ գործընկերների հետ շարունակում է մնալ ի շահ քաղաքի և գյումրեցիների», - Ֆեյսբուքում գրել էր Հակոբյանը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
«Զարթոնք»-ի նախկին ղեկավարը նաև հերքում է շրջանառվող լուրերը, թե բանակցում է ավագանու ընդդիմադիր ուժերի հետ՝ իր թեկնածությունը համայնքապետի պաշտոնին առաջադրելու համար։
Հայաստանում իշխող ՔՊ-ն Գյումրիում նոյեմբերից ընդդիմություն է։ Կպահպանեն այդ կարգավիճակը, թե այլ մի քանի քաղաքների օրինակով իշխանափոխություն կանեն, առայժմ պարզ չէ։
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Վարդինե Գրիգորյանն ասում է՝ գործող համայանքապետին անվստահություն հայտնելն օրինական գործընթաց է, այլ բան է, թե ինչպես է դա արվում։ Հեռու չգնալով՝ նա Ալավերդիի օրինական է բերում։
«Ալավերդի համանքում խնդիրը ոչ թե այն էր, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնվեց, այլ այն էր, որ համայնքի ղեկավարը չկարողացան մասնակցել նույնիսկ այդ նիստին, երբ որ ի պաշտոնե ինքն էր նիստը վարողը։ Ոստիկանության միջամտությամբ չկարողացավ մասնակցել նիստին։ Ստացվեց, որ որոշումը կայացվեց առանց իր մասնակցության, միչդեռ իր մասնակցությունը կարևոր նախապայման էր այդ նիստի կայացման համար։ Այն, որ ինոն ու իր թիմակիցները հանարավորություն չունեին մասնակցելու, դա էր հենց խնդիրը», - «Ազատությանն» ասաց Գրիգորյանը։
Սեփական կամքով խմբակացությունից դուրս գալը ևս բնականոն քաղաքական գործընթաց է, նշեց Վարդինե Գրիգորյանը․ - «Անբնական է, երբ կա հանցավոր միջամտություն, երբ կա իրավապահների միջամտություն և կա, օրինակ շանտաժ կամ այլ գործիքներ, որոնք, բնականաբար, անօրինական են»։
ՔՊ-ն մի քանի համայնքներում, որտեղ վերջին տեղական ընտրություններում պարտվել էր, իշխանություն վերցնելու տարբեր սցենարներ է կիրառել։ Մեխանիզմներից մեկը ավագանու նիստերի բոյոկտն է, որ արդյունքում համայնքի ղեկավար չի ընտրվում ու արտահերթ ընտրություն է նշանակվում։ Այդպես եղավ Թալինում, Անիում։ Փորձագետը սա անթույլատրելի է համարում և շեշտում, որ այստեղ օրենսդրական կարգավորման կարիք կա։
«Սա կարող էր լուծվել նրանով, որ համայնքապետ ընտրվեր ուղիղ քվերակությամբ 2-րդ փուլով, նույնիսկ եթե էլի կլիներ մեկ տարվա ժամկետով, ամեն դեպքում չէր ստեղծվի մի իրավիճակ, որտեղ ուղղակի սաբոտաժի արդյունքում համայնքի ավագանին չի գործում ամսիներ մինչև որ նշանակվում են նոր ընտրություններ», - ասաց փորձագետը։
Ալավերդիում ու Ախուրյանում էլ այլ խմբակցություններից համակիրներ գտան, անվստահություն հայտնեցին գործող համայնքապետին ու իրենց թիմակցին ընտրեցին։
Հարցին, թե ինչու է իշխող ուժը այս մեթոդներով իշխանությունը վերցնում, Գրիգորյանը պատասխանեց․ - «Իրենց էդպես հարմար է։ Պարզ է,որ նաև կենտրոնական իշխանությունն ուզումէ իշխանություն ունենալ տեղական մակարդակում, ինչը ես անձամբ չեմ ողջունում, բայց նաև չեմ կարող առաջարկել օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որ դա կարգելի, որովհետև իմ կարծիքով նմանատիպ ցանկացած կարգավորում կարող է օգտագործվել հենց իրենց կողմից և ոչ թե իրենց դեմ»։
Ընտրություններից հետո համայնքային իշխանության փոփոխություն օրենքը նախատեսել է, ասում է Գրիգորյանը։ Մեկ տարի անց ավագանին գործող հմայնքապետին կարող է անվստահություն հայտնել։
Գյումրիի համայնքապետին անվստահություն հայտնել ՔՊ-ն առայժմ չի կարող, քանի որ դրա համար 6 մանդատի պակաս ունի։