Մատչելիության հղումներ

Նախորդ անգամվա տապալումից հետո Գյումրիի ավագանին ի վերջո ընդունեց բյուջեն


Գյումրիի այս տարվա բյուջեն արդեն երկրորդ անգամ դրվեց քվեարկության, և այս անգամ բոլոր հինգ խմբակցությունները կողմ քվեարկեցին։ Նախորդ անգամ ընդունումը տապալվել էր ընդդիմություն դարձած «Քաղաքացիական պայմանագրի» ու ևս երկու խմբակցությունների դեմ քվեարկության արդյունքում։

Ի՞նչ փոխվեց մեկ ամսում։ Պարզվեց՝ 3 խմբակցությունների բոլոր առաջարկությունները ներառվել էին տարեկան աշխատանքային պլանում ու ըստ այդմ արտացոլվել նաև 5.7 միլիարդ կազմող տեղական բյուջեում։

Ավագանու խմբակցությունների ղեկավարները նկատեցին, թե իշխող «Բալասանյան դաշինքի» ու ՔՊ-ի միջև կոալիցիոն պայմանագրի խզումը փաստորեն լավ է անդրադարձել, ու ի զարմանս իրենց՝ բոլոր առաջարկությունները ընդունվել էին։ Մեկ անգամ բյուջեի չհաստատումը քաղաքային իշխանությունը ստիպեց հաշվի նստել ավագանու հետ, նկատեց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

«Գյումրու ավագանիում երևացին ժողովրդավարության նշաններ, այսինքն՝ եթե մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը մեզ հետ ամբողջ տարվա ընթացքում որևէ մեկի մտքով չէր անցել կազմակերպել քննարկում, պահանջել առաջարկություններ, արդեն չհաստատվելուց հետո ներկայացվեց առաջարկություններ կատարելու մասին առաջարկ-գրություն», - ասաց նա։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ կատակեց՝ եթե իմանային, որ համայնքապետարանն այդքան բարիացել է, ապա ավելի շատ առաջարկություններ կներկայացնեին։ Ամեն դեպքում բյուջեին ու աշխատանքային պլանին կողմ լինելով՝ Հակոբյանը Գյումրիի քաղաքապետին առաջարկեց, որ ավագանու խմբակցությունները ևս մասնակցեն բոլոր ծրագրերի քննարկումներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը նկատեց՝ թեև իրենց առաջարկները հաստատվել են, բայց կարևոր է նաև, որ դրանք թղթի վրա չմնան, ու համայնքապետին դիմելով առաջարկեց նաև հստակ ժամկետներ նշել։ Այնուամենայնիվ, ՔՊ-ն որոշ վերապահումներ ուներ. - «Մենք նաև համագործակցային տարբերակով փորձելու ենք հնարավորություն տալ «Բալասանյան դաշինքին», որ իրենք կարողանան կառավարումը հավուր պատշաճի իրականացնել, որպեսզի գյումրեցիները չտուժեն ամենակարևորը։ Իհարկե, այն փաստաթուղթը, որը հիմա ներկայացվել է, որոշակի փոփոխությունների է ենթարկել, բայց սա իդեալական փաստաթուղթ չէ, այնուամենայնիվ փաստաթղթում որոշ թերություններ կան»։

Ավագանու նախորդ նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» բյուջեի նախագիծը համարել էր «խնդիրները կոծկող ու լուծումներ չառաջարկող»։

XS
SM
MD
LG