Մատչելիության հղումներ

Կառավարությունն այս տարի նպատակ ունի նաև սոցիալական ծրագրերի ոլորտը բարեփոխել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ու առողջապահական ապահովագրության համակարգերի գործարկումից զատ, գործադիրն այս տարի նպատակ ունի նաև սոցիալական ծրագրերի ոլորտը բարեփոխել. գործող մեխանիզմները թերի են՝ էական սխալներով, ընդունում են պաշտոնյաները։ Նպաստներին հատկացվող տասնյակ միլիոնավոր դոլարները հասցեական չեն ծախսվում, և շատ աղքատներ, որոնք իրականում ունեն պետության աջակցության կարիքը, լուսանցքում են հայտնվում։

«Ցանկություն ունենք այս տարի երկրորդ եռամսյակից արդեն գնահատման նոր գործընթացը սկսել», - «Ազատության» հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:

Կառավարության ներկայացրած թվերով՝ ամենաաղքատ բնակչության 20 տոկոսին նպաստների համար հատկացված միջոցների միայն կեսն է բաժին հասնում։ Խնդրին միջազգային հեղինակավոր կառույցներն էլ են անդրադառնում, Համաշխարհային բանկի հետազոտությունը փաստում է՝ աղքատ բնակչության կեսից ավելին ընտանեկան նպաստներից չի օգտվում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անապահովության գնահատման նոր համակարգի վրա աշխատում է 2021 թվականից, նախօրեին վարչապետին նախագիծը ներկայացրին։ Առաջարկում են նպաստ տալ-չտալու բանաձևը փոխել՝ եթե այժմ նպաստ տրամադրելու հարցում որոշիչ է քաղաքացու սոցիալական կարգավիճակը, ապա նոր մեթոդով ոչ պակաս կարևոր կլինեն նաև ընտանիքների եկամուտներն ու ակտիվները։ Երկարաժամկետ նպաստ կստանան այն ընտանիքները, որոնց ամսական եկամուտները մեկ անձի հաշվով չեն գերազանցի պարենային զամբյուղի արժեքը. սահմանաչափը արժեքի փոփոխությունից կախված ամեն տարի կվերանայվի, մանրամասնում է սոցապ փոխնախարարը:

«Ըստ էության, պետությունը իր վրա կվերցնի այդ ընտանիքի եկամուտներում բացակայող կամ պակասող մասի լրացումը: Եվ հետևաբար, ընտանիքները տարբեր չափերով նպաստներ կստանան՝ կախված իրենց կարիքից: Եթե պարենային զամբյուղը ամբողջությամբ, եթե զրո եկամուտ է՝ տեսականորեն ասած, ապա կհասցնենք ամբողջական պարենային զամբյուղի չափին», - նշեց Ժամակոչյանը:

Պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում նպաստառու 68 հազար ընտանիք կա, նախարարության հաշվարկներով՝ նոր բանաձևի գործարկումից հետո շատերը դուրս կմնան, բայց նոր շահառուներ էլ կլինեն. հանրագումարում նպաստառու ընտանիքների թիվը կնվազի 12-14 հազարով։

Անապահովության գնահատման բանաձևում հաշվի կառնեն նաև մարդկանց ակտիվները՝ խնայողությունների, ավանդների առկայությունը, ընտանիքներին պատկանող ավտոմեքենաների, անշարժ գույքի արժողությունը, և այլն:

«Եվ մենք տեսնում ենք, եթե, օրինակ, իր ակտիվները բավականին շատ են, օրինակ՝ ունի խնայողություններ, ունի թանկարժեք անշարժ գույք, ապա կարծում ենք տևական աջակցության կարիք ինքը չունի, ուրեմն՝ էս նպաստի կարիքը ինքը չունի», - ասաց փոխնախարարը:

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ստվերը, մասնավոր դրամական փոխանցումները և հնարավոր բոլոր այն եկամուտները, որոնց մասին պետությունը ոչինչ չգիտի, աշխատունակ, բայց գործ չունեցող մարդիկ նոր համակարգով եկամուտ ունեցող մարդիկ կդիտարկվեն. - «Աշխատունակ անձը, եթե, ըստ էության, կենսագործունեություն է ծավալում, որոշակի, ուրեմն, եկամուտներ ունի ինչ-որ, թեկուզ աջակցության ձևով՝ իր սոցիալական կապիտալի շրջանակներում, իր միջավայրի աջակցության միջոցով, բայց ունի որոշակի եկամուտներ»:

Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են լինելու, նշում է գործադիրը։

Նպաստը որպես այդպիսին, ըստ կառավության, «վերջին հանգրվան» պետք է դիտարկվի, այսինքն՝ նպաստ տալուց առաջ պետությունը պետք է կիրառի ընտանիքներին ակտիվացնելու մյուս բոլոր հնարավոր տարբերակները:

Այս թեմային հաճախ վարչապետ Փաշինյանն է անդրադառնում, հաճախ է կրկնում թեզը՝ աղքատությունն աշխատանքով են հաղթահարում:

«Ըստ էության, մենք ամեն օր առնչվում ենք մի իրավիճակի, երբ սոցիալական նպաստների համակարգը, մարդկանց խրախուսում են շարունակել լինել և մնալ աղքատ», - մասնավորապես հայտարարել էր պետության ղեկավարը:

Այս տարվա բյուջեով անապահովներին տրամադրվող նպաստների համար գրեթե 80 միլիոն դոլար է հատկացվել, զբաղվածության ծրագրերի համար, մինչդեռ, 50 անգամ ավելի քիչ գումար են նախատեսել՝ 1.6 միլիոն դոլար։ Առաջարկվող կարգավորումները նախատեսում են փուլ առ փուլ ներդնել՝ սկզբում գուցե որևէ մարզում կիրառեն, հետո նոր միայն՝ ամբողջ երկրում։

XS
SM
MD
LG