2022 թվականին անցկացված՝ անկախ Հայաստանի երրորդ մարդահամարը ոչ միայն արձանագրեց 11 տարիների ընթացքում մշտական բնակչության շուրջ 90 հազարով կրճատվելու փաստը, այլև բազմաթիվ տարբեր տվյալներ ամփոփեց՝ բնակչության բաշխումը քաղաքների ու գյուղերի միջև, քաղաքացիների կրթական մակարդակը, ազգային կազմը, կրոնական դավանանքը և այլն:
Տասնամյակի ընթացքում, օրինակ, ավելացել է բարձրագույն կրթություն ունեցողների թիվը՝ հասնելով 25 տոկոսի, դպրոցը չավարտածների քանակը, ընդհակառակը, նվազել է՝ միջնակարգի ավարտական վկայական չունի բնակչության 8.5 տոկոսը։
Ուսումնասիրության մի մասն էլ քաղաքացիների զբաղվածության մասին է։
Հրապարակված ամփոփ արդյունքներով՝ աշխատանքային տարիքի քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը չի աշխատում, բայց պաշտոնական տվյալներով գործազրկության մակարդակը 11 տոկոսից քիչ ավելի է։ Գործող կարգավորումներով` գործազուրկ համարվում են 16-ից 63 տարեկան այն անձինք, որոնք ուզում են աշխատել ու փնտրտուքների մեջ են և դրա համար պետությանն են դիմել։ Չզբաղված մյուս բոլոր քաղաքացիներն այս 11 տոկոսի մեջ ներառված չեն։
«Հոկտեմբերի տվյալներով՝ մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք և գերազանցել ենք 730 հազար թիվը», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռեկորդների, տնտեսական աճի, դրամական մեծ հոսքերի մասին իշխանությունների բարձր ու պարբերական հայտարարություններին զուգահեռ, Կառավարության ոլորտային պաշտոնյաները չեն թաքցնում՝ մարդկանց աշխատանքով ապահովելու պետական ծրագրերն այդքան էլ արդյունավետ չեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարար Ռուբեն Սարգսյանը տարեվերջին «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ փոփոխություններ են պետք:
«Մենք մեծ բանակ ունենք չաշխատող, չսովորող երիտասարդների, որոնք աշխատաշուկայում ինտեգրված չեն, չեն աշխատում և չեն սովորում։ Մեր համար կա՛մ աշխատելը, կա՛մ սովորելը կարևոր ցուցանիշներ են, բայց, ցավոք սրտի, իրենք ինտեգրված չեն։ Ունենք մեծ թվով բնակչություն, որոնց մեջ կան 30-40 տարիքի շրջանակում կանայք, որոնք աշխատաշուկա չեն ինտեգրվում կամ ինտեգրման դժվարություններ են ունենում։ Ունենք մեծ թվով նպաստառուներ, որոնք ստանում են նպաստ, սակայն աշխատունակ են և չեն աշխատում ինչ-ինչ պատճառներով», - ասաց Սարգսյանը:
Վիճկոմի հարցումներով՝ ավելի քան 160 հազար մարդ չաշխատելն ընտանեկան հանգամանքներով է պայմանավորում, 170 հազարը՝ սովորելու, 165-ը՝ առողջական խնդիրներ ունենալու փաստով, 76 հազար մարդ գործ չունի, քանի որ երեխայի է խնամում, ավելի քան 90 հազար քաղաքացի էլ կորցրել է աշխատանք գտնելու հույսը ու էլ չի էլ փնտրում։
Տնտեսագետների կարծիքով՝ այս պատկերի պատճառներից մեկը աշխատաշուկայի ու աշխատատեղերի միջև անդունդն է. մի կողմում անգործ մարդիկ են, մյուսում՝ բազմաթիվ թափուր աշխատատեղերը, որոնք տարբեր պատճառներով չեն համալրվում: Աշխատուժին ներառելու ու այս անդունդը չեզոքացնելու համար, մասնագետների կարծիքով, Կառավարությունը պետք է ծրագրեր իրականացնի:
Աշխատանք ունեցողների ճնշող մեծամասնությունը՝ 73 տոկոսը ծառայությունների ոլորտում է աշխատում, արդյունաբերությունում է աշխատավորների 17 տոկոսը։ Հայաստանի աշխատաշուկային վերաբերող առանձին զեկույցն էլ վկայում է՝ ամենաշատը բանվորների ու վաճառողների կարիք կա։
Ամենաշատը Շիրակում են աշխատանք փնտրում, հաջորդում է Արարատը, հետո՝ Լոռին ու Կոտայքը։ Աշխատանք փնտրելու կայքերից մեկում, օրինակ, հայտարարությունների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 1000-ը մայրաքաղաքի ընկերություններն են տեղադրել, երրորդ ամենամեծ քաղաքից՝ Վանաձորից ընդամենը 4 հայտարարություն կա, բազմաթիվ բնակավայրերից ընդհանրապես ոչինչ չկա։
Գործազուրկների կեսից ավելին միջնակարգ կրթություն ունի, բայց քիչ չեն նաև բուհական կրթություն ունեցողները՝ գործազուրկների 12 տոկոսը բուհի դիպլոմ ունի։
Այս տարվա բյուջեով զբաղվածության ծրագրերի համար պետությունը նախատեսում է շուրջ 1.6 միլիոն դոլար ծախսել, անապահովներին տրամադրվող նպաստների համար 50 անգամ ավելի մեծ գումար է հատկացվել՝ գրեթե 80 միլիոն դոլար։
Մարդահամարի արդյունքները նաև սեռերի միջև մեծ խզման մասին են վկայում. կանայք շատ ավելի պասիվ մասնակցություն ունեն տնտեսական կյանքին, տղամարդկանց գրեթե 60 տոկոսն աշխատանք ունի, կանանց շրջանում ցուցանիշը 40 տոկոս է։
Վիճակագրությունը փաստում է՝ կանայք ավելի դժվարությամբ են գործ գտնում ու փնտրտուքների համար ավելի շատ ժամանակ են ծախսում, գործ գտնելը հատկապես 35-ից 44 տարեկան կանանց համար է դժվար։