Բաքուն հայտարարում է, որ ի գիտություն է ընդունել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հունվարի 25-ի հայտարարությունը։
Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե ակնկալում են, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։
Բաքուն միևնույն ժամանակ շեշտում է, որ Երևանը «պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի 4 հազար անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի և վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանցիների գերեզմանների տեղի մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։
«Ականների զանգվածային և նպատակաուղղված տեղադրումը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում հետկոնֆլիկտային վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքների, այդ տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչության վերադարձի և նրանց խաղաղ կյանքի հիմնական սպառնալիքներից են», - հայտարարել է Բաքուն՝ Հայաստանին մեղադրելով «ռազմական հանցագործության», ինչպես նաև «միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մեջ»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ ինչպես «2020 թվականի Հայրենական պատերազմից առաջ, այնպես էլ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում, բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականապատ դաշտերի քարտեզները»։
Ընդգծելով, որ մինչև օրս Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամեը 25 տոկոս է՝ Բաքուն նշում է՝ այդ քարտեզներն անարդյունավետ են, թերի և տեղում ճշգրիտ չեն ներկայացնում իրական պատկերը։
«Թեև այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում, ըստ տեղեկությունների, տեղակայվել է ընդամենը 400 հազար ական, սակայն ականների իրական թիվը գերազանցում է մեկ միլիոնը», - հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։
ԱԱԾ-ն նշել է, որ նախկինում մի քանի անգամ, առանց նախապայմանների, ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ), և որ Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան, սակայն վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ։ Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին։